ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Հայերենում «հացել» բայ իրականում կա, որը նշանակում է հաց ուտել, ճաշել: Բայց մեզ անհրաժեշտ է այն օժտել եւս մեկ իմաստով՝ հաց ստեղծել: Ընդ որում, նյութականացման մեղադրանքները տեղին չեն, որովհետեւ մարդն ինքը նյութական է, բայց ոչ զուրկ հոգեւոր, էմոցիոնալ, մշակութային ինքնությունից:
«Այստեղ հաց, այստեղ կաց» հնարավոր կարգախոս-գործելակարգը վերաբերում է նաեւ գրողին, երգիչին, կոմպոզիտորին, դերասանին, փիլիսոփային, նկարչին, ովքեր նաեւ ոչ նյութական արժեքներ ստեղծելով են հացում, այսինքն՝ հաց ստեղծում:
Իսկ մշակութային, հոգեւոր արժեքները մեծամասամբ ստեղծվում եւ փոխանցվում են նյութի կիրառմամբ, նյութական կրիչի միջոցով. գրողը գրում է թղթով, գրիչով կամ համակարգչով, երաժիշտը վերարտադրում է երաժշտական գործիքով, դերասանը ներկայանում է բեմում՝ իր մարմնով ու հագուստներով, նկարիչը նկարում է վրձնով, ներկով ու կտավի վրա:
Էլ չեմ ասում՝ առանց սիրո ոչ մի արժեքավոր բան հնարավոր չէ ստեղծել: Այնպես որ, «Հայաստանի Հանրապետությունում հաց, Հայաստանի Հանրապետությունում կաց» կարգախոսը կարող է լինել այն բանաձեւը, որը կմիաձուլի, մեկը կդարձնի ժողովրդական եւ պետական պատկերացումները»,- գրել է նա: