ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հերթական անգամ արձագանքել է Իրանի դեմ ուղղված արտաքին ճնշումներին՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունը միայն փոխադարձության հիման վրա և հավասար դիրքերից կգործակցի այլ երկրների հետ: Այդ մասին հաղորդում է Irna գործակալությունը։
Փեզեշքիանն այս մասին հայտարարել է շաբաթ օրը Թեհրանում գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի ու նրա տեղակալների հետ հանդիպման ժամանակ:
Անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին՝ Իրանի նախագահն ընդգծել է, որ այլ երկրների հետ փոխգործակցությունը առանցքային է Իրանի արտաքին քաղաքականության համար։
«Իսլամական Հանրապետությունը ցանկանում է երկխոսություն հավասար, այլ ոչ թե այնպիսի դիրքերից, որ մի կողմից ցանկանում են բանակցել Իրանի հետ, իսկ մյուս կողմից՝ սպառնալ նրան»,- ասել է Փեզեշքիանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի՝ Թեհրանի նկատմամբ վարած քաղաքականությանը։
«Եթե բանակցություններ եք ուզում, սպառնալը ո՞րն է»,- նշել է նա։