ԱՄՆ ֆոնդային շուկան մոտ 2 տրիլիոն դոլարի կորուստ է կրել Թրամփի մաքսատուրքերի սահմանման հայտարարությունից հետո

ԱՄՆ ֆոնդային շուկան լուրջ ցնցումների է ենթարկվել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր մաքսատուրքերի սահմանման հայտարարությունից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Նախնական շուկայական սակարկությունների արդյունքում, S&P 500 ինդեքսի ընկերությունների ավելի քան 90 տոկոսը կորուստ է արձանագրել, իսկ բաժնետոմսերի կեսից ավելին կորցրել է առնվազն 2 տոկոս արժեք։

Հատկապես ծանր հարված է ստացել տեխնոլոգիական հատվածը՝ ամենաշատ անկումներ գրանցվել են Apple, Amazon և Nvidia ընկերությունների բաժնետոմսերում։ Ըստ գնահատականների՝ S&P 500-ի կապիտալիզացիան կարող է կրճատվել մոտ 2 տրիլիոն դոլարով։

Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը սահմանում է ներմուծման մաքսատուրքեր մի շարք երկրների համար, իսկ Եվրոպական միության համար կիրառվելու է 20 տոկոս դրույքաչափ։ Ավելին՝ ապրիլի 3-ից բոլոր ներկրվող ավտոմեքենաների նկատմամբ կիրառվելու է 25 տոկոս մաքսատուրք։

Շուկայի արձագանքը եղել է կտրուկ։ Ներդրողները զանգվածաբար միջոցներ են տեղափոխում պարտատոմսեր, ոսկի և ճապոնական իեն՝ կանխատեսելով հնարավոր առևտրային պատերազմ և համաշխարհային տնտեսական անկում։ Դոլարը նվազել է վեցամսյա նվազագույն մակարդակի, ամերիկյան պարտատոմսերի եկամտաբերությունը ևս նվազել է։

Fitch Ratings-ի տվյալներով՝ Թրամփի օրոք ԱՄՆ-ի ներմուծման միջին հարկը 2,5 տոկոսից աճել է մինչև 22 տոկոս՝ բարձրագույն ցուցանիշը 1910 թվականից ի վեր։

Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ մաքսատուրքերի կիրառումը կարող է հանգեցնել ապրանքների գների աճի, ներդրումների նվազման և տնտեսական աճի դանդաղեցման։ Ներդրողները սպասում են տարբեր երկրների հնարավոր պատասխան քայլերին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *