«Ադրբեջանից էսկալացիայի վտանգի մասին գուժող կամ հուշող տեղեկությունների անհրաժեշտ համախումբ այս պահին չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր Հայաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը՝ միաժամանակ նշելով, որ իրադրությունը, սակայն, արագ է փոխվում: Ադրբեջանական կողմում շարժերի մասին տեղեկությունների բացակայության մասին էր խոսել նաև պաշտպանության նախարար Պապիկյանը:
Արդեն տևական ժամանակ է, որ Հայաստանի հանրության շրջանում առաջացել է լարվածություն, էսկալացիայի սպասում կամ տագնապ, որի պատճառը Ադրբեջանի ապատեղեկատվական արշավն է: Բաքուն մի քանի օր է հայտնում է, թե հայկական զինուժը կրակել է իր դիրքերի ուղղությամբ: Այդ ապատեղեկատվությունը դիտվում է սադրանքի նախապատրաստություն: Հոգեբանական լարվածության վրա «յուղ» լցրեցին գիշերը Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի կրակոցներն ու այդ կապակցությամբ պաշտոնական տեղեկատվական արձագանքի, ըստ էության, բացակայությունը:
Աներկբա՞ է արդյոք պատճառահետևանքային կապի դիտարկումը, որ Ադրբեջանը ապատեղեկատվության շարքով նախապատրաստում է ռազմական էսկալացիա: Թերևս ոչ: Ամիսներ առաջ էլ Ադրբեջանը տվեց ապատեղեկատվությունների շարք, բայց էսկալացիա չհաջորդեց: Դա բացարձակ չի նշանակում, որ պետք է իրավիճակն ընկալել հանգիստ: Եթե չի եղել, չի նշանակում, որ չի էլ լինելու: Մյուս կողմից, սակայն, եթե կա ապատեղեկատվություն, ապա դա ամենևին չպետք է դառնա հանրային տագնապի պատճառ, որովհետև Ադրբեջանի նպատակներից մեկն էլ հենց այդպիսի տագնապ առաջացնելն է:
Ի վերջո, տագնապը որևէ կերպ օգտակար չէ հանրային դիմադրողականությանը: Բայց, հանրային տագնապն էլ այն իրողության հետևանք է, որ չի աշխատում մի կողմից պետական ինստիտուցիոնալ համակարգ՝ տեղեկատվականից մինչև կառավարչական գործառույթներ, և չի աշխատում նաև հասարակական-քաղաքական ինստիտուցիոնալ համակարգ, որը ներքաղաքական խաղադրույք կանի ոչ թե հանրային տագնապների, այլ իրապես հանրային գիտակցության վրա:
Այս ամենը վտանգի և ռիսկերի բացակայության մասին չէ, այլ դրանց հանդեպ ինստիտուցիոնալ «զրահների» գրեթե տոտալ բացակայության, երբ հանրությունը մենակ է մնում այդ ամենի անորոշության հանդեպ՝ իրարամերժ ու տարերային տեղեկատվական հոսքերի պայմաններում: Հայաստանի պաշտպանական կարողությունների ու համակարգի վերականգնման մասին խոսակցություններն արդեն քանի տարի տրենդային ու նորաձև են, բայց այդ խոսակցությունները գերազանցապես ընդգրկուն են բուն պաշտպանական ոլորտը, այն դեպքում, երբ Հայաստանի հանրությունը, ըստ էության անպաշտպան է հենց տեղեկատվական մակարդակից: