Փաշինյանի իշխանությունը նման է անոմալ կենդանու, որն ունի երկու գլուխ ու հարյուրավոր ոտքեր, մարմինը բացակայում է

Որքան էլ Նիկոլ Փաշինյանը փորձի ներքին լսարանի համար խրոխտ ելույթներ ունենալ, բայց իրականում իշխանական բուրգը կանգնած է փլուզման եզրին, եթե ընդհանրապես այս իշխանությանը կարելի է բրգաձև տեսք տալ, քանի որ կա միայն իշխանական ընտանիք ու վերջ, այլ բան գոյություն չունի։ Այս իշխանություններում հիերարխիկ դասավորվածությունը շատ հարաբերական է։ Կա ընդամենը երկու հրաման տվողներ, Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ու հլու հնազանդ կատարողներ, որոնց հրամայվում է նույնիսկ թե ինչ մտածեն։

Հայաստանի իշխանությունները նման են անոմալ կենդանու, որն ունի երկու գլուխ ու ոտքեր, մարմինը բացակայում է։

Եվ այսպես, նույնիսկ այս անոմալ բուրգը կանգնած է փլուզման եզրին, քանի որ անգամ մտածողությունից զուրկ արարածը ունի թեկուզ թույլ արտահայտված, բայց այնուամենայնիվ կարմիր գիծ ու Նիկոլ Փաշինյանը մոտեցել է այդ կարմիր գծերին։

Նախ բոլորն են արդեն հասկացել, որ Ալիևի առաջ Նիկոլ Փաշինյանի կողմից այս աստիճան ստորաքարշությունը, հայրենիքը այսքան անկասելի Ադրբեջանին հանձնելը բացի նրանից որ դավաճանի անուն է կպցնում իրենց, չի կարող չանդրադառնալ նաև իրենց երեխաների վրա։ Նիկոլ Փաշինյանն այնքան է խորացել Ալիևի պահանջները կատարելու մոլուցքում, որ սկսել է անհանգստացնել նույնիսկ ՔՊ-ականներին, քանի որ օբյեկտիվորեն ոչ ոք չի ցանկանում, որ տարիներ անց իրենց երեխաներին անվանեն դավաճանի սերունդ։ Եթե ուշադրություն դարձնեք, ապա ՔՊ պատգամավորների մեծամասնությունը հարցազրույցների կամ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության տխրահռչակ համաձայնագրին վերաբերող հարցերին տալիս են զուտ պրոտոկոլային ու խոսափողական պատասխաններ։

Իշխանական բուրգի փլուզման հաջորդ պատճառն այն է, որ սեփական թիմակիցների նկատմամբ Փաշինյանի արհամարական վարքը սկսել է տրորել նրանց ինքնասիրությունը։ Բոլորը գիտակցում են, որ մի թեթև խոսքի սայթաքում ու այն սուրը, որը կախվեց Նարեկ Զեյնալյանի ու հատկապես Հովիկ Աղազարյանի գլխին, կգլխատի նաև իրենց։ Հակոբ Ասլանյանն ընդամենն ասաց, որ չի հավատում Աղազարյանի հասցեին հնչող մեղադրանքներին ու պատիժը չուշացավ։ ՔՊ-ականների համար արդեն ակնհայտ է, որ անհրաժեշտության դեպքում իրենց կստիպեն ցուցմունք տալ իրենց ընկերոջ, եղբոր կամ հարազատի դեմ։ Այլ խոսքով, բոլոր ՔՊ-ականները հստակ գիտակցում են, որ իրենք Փաշինյանի աչքին ընդամենը քայլող արարածներ են, որոնք տարօրինակ զուգադիպությամբ կարողանում են նաև խոսել։

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն բռնապետ է, այլև այլասերել է բռնապետական կառավարումը։ Թեպետ Հայաստանը Հռոմեական Կայսրությունը չէ, սակայն Նիկոլ Փաշինյանն իրեն երևակայում է Ներոն կամ Կալիգուլա։

Ոստիկանության կողմից քաղաքացիներին խոշտանգելը, համատարած քրեական գործերի հարուցումներն ու կալանքի որոշումները ուղղված են ինչքան ընդդիմադիրներին, այդքան էլ ՔՊ-ականներին։ Փաշինյանը ցանկանում է վախի սփռմամբ պահպանել իր իշխանությունը, սակայն եթե տոտալիտար ու ավտորիտար համակարգերը ունենում են հարաբերականորեն երկար կյանք, ապա այլասերված բռնապետական համակարգը ոչ։ Պատմությունը ցույց է տվել, որ շատ հաճախ նման բռնապետներից ազատվում են հենց իրենց թիմակիցները։

Հետևաբար, թեպետ այս պահին շատերի համար քիչ տեսանելի, բայց այուամենայնիվ իշխանական բուրգը երերում է ու թեթև հարվածից այն կարող է փլուզվել։ Որքան էլ այս պահին շատերին քիչ հավանական թվա, այնուամենայնիվ Փաշինյանի իշխանության ավարտին քիչ ժամանակ է մնացել։

Կարեն Կարապետյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *