Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։

Ինչպես այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից։Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե մարտի 19-ին՝ ժամը 14։15-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

ՀՀ ՊՆ-ն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *