Տեղի են ունեցել հայ-ռուսական խորհրդակցություններ

Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև շփումների զարգացման նպատակով մարտի 20-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի և ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանի միջև։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Ըստ հաղորդագրության՝ տեղի է ունեցել մտքերի անկեղծ և առարկայական փոխանակում երկկողմ հարաբերությունների հարցերի ողջ սպեկտրի շուրջ՝ միջպետական ​​երկխոսության շրջանակներում նախատեսված միջոցառումների մանրակրկիտ նախապատրաստման և արդյունավետ իրականացման նպատակով։

«Այս համատեքստում քննարկվել են ռուս-հայկական համագործակցության տարբեր ասպեկտներ քաղաքականության և անվտանգության, առևտրի, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև միջտարածաշրջանային փոխանակումների ոլորտներում։

Ռուսական կողմը նշել է եվրասիական ինտեգրացիոն ասոցիացիաներում գործընկերության հետևողական խորացման անհրաժեշտությունը՝ ներառյալ միջազգային իրավիճակի հիմնարար վերափոխումները հաշվի առնելով։

Մանրամասն քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև դրա զարգացման հեռանկարները, տարածաշրջանի պետությունների և նրանց հարևանների միջև համագործակցության խորացման հնարավորությունները 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և Իրան, Ռուսաստան, Թուրքիա):

Պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել արտաքին քաղաքական ծառայությունների միջև շփումների հաստատված դինամիկան, ինչպես նաև մեծացնել միջգերատեսչական երկխոսությունը։ Խորհրդակցություններն անցել են շահագրգիռ, կառուցողական մթնոլորտում»,- ասվում է հաղորդագրությունում։

ՀՀ ԱԳՆ-ն, իր հերթին, տեղեկացնում, որ խորհրդակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ: Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունների զարգացման համատեքստում կարևորվել է բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարությունների գծով քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության շարունակականությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային և հումանիտար ուղղություններով առաջիկայում իրականացվելիք համատեղ միջոցառումների և ծրագրերի վերաբերյալ:

Նախարարի տեղակալը ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների և տեսլականի, ինչպես նաև Ադրբեջանի հետ երկկողմ ձևաչափում սահմանազատման ուղղությամբ արձանագրված առաջընթացի, խաղաղության համաձայնագրի համաձայնեցման, ՀՀ կողմից «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *