ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պնդում է, որ վերջին շրջանում անթույլատրելի չափերի է հասել Հայաստանից մայրացու ոչխարների արտահանումը։ Նա ահազանգում է, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում, ոչնչանալու է գյուղատնտեսության այս ճյուղը, իսկ մինչ այդ՝ շատ շուտով, ականատեսն ենք լինելու ոչխարի մսի դիֆիցիտին ու գնի բարձրացմանը, իսկ վերահսկողություն, նրա խոսքով, բացարձակ չկա։
Ընդդիմադիր պատգամավորը մասնավորապես գրել է
«Հայաստանում վերջին շրջանում մեծ չափերի է հասել մայրացու ոչխարների արտահանումը, ինչն էլ կարող է լուրջ վնասներ հասցնել տնտեսության այս ճյուղին։
Իմ տեղեկություններով, մայրացուների մեծ խմբաքանակ հիմնականում արտահանվում է Իրան և ԱՄԷ։ Եթե նախկինում նախարարությունը վերահսկում էր, որպեսզի մայրացուները մեծ խմբաքանակով չարտահանվեն, այսօր ոլորտը մատնված է անտարբերության։
Անասնապահությամբ զբաղվողներին առաջարկվում է կրկնակի թանկ վաճառել մայրացուներին։ Ենթադրենք, եթե մեկ մայրացու ոչխարի արժեքը 50․0000 դրամ է, արտահանմամբ զբաղվողներն առաջարկում են վաճառել 100․000 դրամով։ Այս ամենի հետևանքով վտանգվում է անասունների վերարտադրությունը՝ առաջացնելով դեֆիցիտ և թանկացում։
Սա պարենային անվտանգության հարց է, գերխնդիր, որը պահանջում է հստակ գործողություններ և ռազմավարություն»։