Ամերիկյան քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայ քրիստոնյաների և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյայի ազատ արձակման համար:
«Մենք հավատում ենք, որ դուք միակն եք, ով կարող է փրկել այս քրիստոնյա պատանդներին: Մոտ երկու տարի առաջ Ադրբեջանը էթնիկ զտումներ է իրականացրել՝ ավելի քան 120,000 հայ քրիստոնյաների վտարելով իրենց նախնիների տներից, մինչդեռ Բայդենի վարչակազմը հրաժարվել է քայլեր ձեռնարկել:
Այդ ժամանակվանից ի վեր 23 քրիստոնյա հայ պատանդներ և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյա ենթարկվել են ամենօրյա խոշտանգումների։ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ միակ կազմակերպությանը, որը թույլ է տվել ստուգել նրանց բարեկեցությունը, վերջին օրերին հրամայվել է լքել երկիրը»,–ասվում է նամակում։