«Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«Բոլոր ասպարեզներում, հնարավոր բոլոր իմաստներով ինքն իրեն ու երկիրը փակուղի մտցրած, իր փորած փոսում հայտնված իշխանությունը հուսահատ ջանքեր է գործադրում՝ ելք գտնելու։ Փորձում են առօրեականություն բեմադրել՝ մի օր մետրոյով ու ավտոբուսով է աշխատանքի գնում, մյուս օրը հեծանիվ է վարում, հետո մարզային դպրոցի բացման է մասնակցում, Մարտի 1-ի զոհերի հիշատակին է ծաղիկ դնում, Գյումրիի փողոցներով է շրջում։
Փորձում է պահպանել երկրի կառավարման ֆորմալ կողմը՝ մի տեղ մի քանի հարցի պատասխանել, մի տեղ ելույթ ունենալ՝ նախկին հիշողությամբ հոխորտալով ընդդիմադիրների հասցեին: Մեկ-մեկ արտերկիր է մեկնում, որ ցույց տա տարբեր ղեկավարների հետ հավասարը հավասարի նման մասնակցում է համաշխարհային անցուդարձին։ Բայց հուսահատության, անելանելիության, ասելիք ու անելիք չունեցողի խոր փակուղին ակնհայտ է ամեն ինչից` իր ստորագրությամբ հրապարակած հոդվածից, որտեղ թշնամուն աղերսում է համաձայնել իր առաջարկներին, գնալ` գալ, օգտվել իր բացած սահմաններից:
Նկատելի է հին-մաշված լոզունգների կրկնությունից, երբ այլեևս նոր բան հորինել չի ստացվում, որով կարելի կլինի համոզել ընտրողին նորից քվե տալ իրենց։ Նկատելի է անգամ ՔՊ-ական հավաքներին մասնակցողների քանակից ու որակից` երբ փորձում է ներգրավել ողջ կառավարությանը, ՔՊ վերնախավին, պատգամավորների, համայնքային պաշտոնյաների: Որ շարվեշարան կանգնեն ու պատ կազմած` դիմավորեն իրեն, ձեռքը սեղմելով, ժպտալով, վիզները ծռելով: Թիմն էլ է հասկանում այս փակուղին և երբեմն-երբեմն սամուրայի կեցվածքով` հիմարություններ դուրս տալով հանրային թիրախ են դառնում, որ թեթևացնեն շեֆի «բեռը»:
Այս հուսահատ ջանքերից, մղկտոց-աղերսներից, գոռգոռոց-սպառնալիքներից հասկանում ես, որ մարդը վանդակն ընկած գազանի նման ելք չի գտնում և արդեն չի կարողանում թաքցնել իր տագնապներն ու վախերը՝ «կարո՞ղ է Գյումրիում պարտվենք», «կարո՞ղ է Ադրբեջանը «էսկալացիայի կեղծ առիթ» է փնտրում»… Ուզում ես ասել` մարդ Աստծո, դու էլ ես մեղք, մենք էլ՝ փոխանցիր իշխանությունը, աղերսներով, վախերով, ցայտնոտով երկիր չեն կառավարում։