Ռուսաստանը, իբր, Ուկրաինայից հետո կարող է «ուղևորվել դեպի Մոլդովա և Ռումինիա», եթե ԱՄՆ-ը վերջապես դադարեցնի օգնություն տրամադրել Կիևին։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, նրա խոսքերը, Gazeta.ru-ի հաղորդմամբ, մեջբերում է Europe 1 հրատարակությունը։
«(Ռուսաստանը – խմբ․) անշուշտ կուղևորվի Մոլդովա, և գուցե նույնիսկ ավելի հեռու՝ Ռումինիա (եթե ԱՄՆ-ը հրաժարվի օգնել Ուկրաինային – խմբ․)»,- պնդել է նա:
ԱՄՆ-ի հնարավոր հեռացումն Ուկրաինայից «չի բխում նրանց շահերից», կարծում է Ֆրանսիայի նախագահը։ Նա հավելել է, որ այն, ինչ Միացյալ Նահանգներն արել է վերջին երեք տարիների ընթացքում Ուկրաինային օգնության համատեքստում, «լիովին համապատասխանում է նրա դիվանագիտական և ռազմական ավանդույթներին»։
Մակրոնի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի կնքման ժամանակ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների բացակայությունը կարող է նվազագույնի հասցնել «Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների դեմ զսպման աշխարհառազմավարական ներուժը»։