ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Բաքվում ընթացող «դատավարության» ժամանակ, նախագահ Արկադի Ղուկասյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին Հայաստանի ներգրավածությանը, որպես հիմք նշել է Հայաստանի Արցախի անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը, ինչը, ըստ էության, համարվում է լեգիտիմ:
Միաժամանակ նախագահ Ղուկասյանը հերքել է ադրբեջանական մեղադրանքներն այն մասին, թե Արցախում դրսից բերված վարձկաններ են եղել:
Արկադի Ղուկասյանը նաև անդրադարձել է երկար ժամանակ քաղաքական-տեղեկատվական տիրույթում շրջանառվող պատերազմը վաղ փուլում կանգնեցնելու քննարկումներին, նշելով, որ ինքն ու Բակո Սահակյանը, պատերազմի ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպել են, որի նպատակը, ըստ էության, Հայաստանի ղեկավարությանը միջնորդավորված հորդորելն էր, որ պետք է ամեն ինչ անել պատերազմը կանգնեցնելու համար:
Կարծում եմ, որ այս մտադրության հիմքում ռազմի դաշտում այդ պահին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունն էր, որը, մեծ առումով, համընկնում էր ՀՀ Գլխավոր շտաբի գնահատականների հետ, ինչպես նաև ՌԴ նախագահի քայլերը, ով համարում էր, որ կարելի էր պատերազմը վաղ փուլում կանգնեցնել և խուսափել մեծ կորուստներից, առաջին հերթին մարդկային»: