Հանձնաժողովի հավանությանն է արժանացել ՀՀ-ի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջի վերացմանը վերաբերող համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Համաձայնագրի նպատակն է դյուրացնել Հայաստանի և Թունիսիդիվանագիտական անձնագիր ունեցող անձանց ուղևորությունների ընթացակարգերը: Յուրաքանչյուր պետության վավեր դիվանագիտական անձնագիր ունեցող քաղաքացիները կազատվեն մյուս պետության տարածք մուտք գործելու նպատակով վիզա ձեռք բերելու պարտականությունից
տարանցման կամ առաջին մուտքի օրվանից 180 օրվա ընթացքում 90 օրը չգերազանցող ժամկետով այնտեղ մնալու համար:
Հայաստանի և Թունիսի հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ: Փաստաթուղթը կարևոր նշանակություն կունենա նաև ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման տեսանկյունից, որը Թունիսի հետ քաղաքական երկխոսության ընդլայնման և խորացման, փոխայցերի աշխուժացման հնարավորություն կտա:
Այս մասին խոսել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ի նիստում ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Թունիսի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
Հանձնաժողովի անդամ Հռիփսիմե Գրիգորյանի գնահատմամբ էլ համաձայնագրի վավերացումը եւս մեկ դրական քայլ է բարեկամ երկրի հետ հարաբերություններն ավելի ընդլայնելու, փոխադարձ այցերի համար հեշտ պայմաններ ստեղծելու առումով: Նա առաջարկել է գործընկերներին դրական արձագանքել օրենքի նախագծին: