Binance-ի թոփ մենեջեր Տիգրան Ղամբարյանին ստիպել են դատական նիստին հասնել հենակներով

Բինանսի Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի դեպարտամենտի ղեկավար, հայազգի Տիգրան Ղամբարյանին, որ փետրվարից կալանավորված է Նիգերիայում, և բազմիցս մերժվել է գրավի դիմաց նրան ազատ արձակելու հնարավորությունը, ստիպված է եղել հենակներով հասնել դատարան:

Սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղում Ղամբարյանը բարկացած պահանջում է ուղեկցող աշխատակցից իրեն տրամադրել սայլակ և հայտարարում է իր անմեղության մասին:

Ընտանիքը հայտնում է, որ կալանքի տակ գտնվելու ընթացքում վատթարացել է նրա ֆիզիկական և հոգեկան առողջությունը: Ղամբարյանի ընտանիքը պնդում է, որ նա վարակվել է մալարիայով, իսկ Նիգերիայի իշխանությունները չեն արձագանքում ներկայացված բժշկական փաստաթղթերին, որոնց համաձայն՝ նրան շտապ վիրահատություն է անհրաժեշտ:

Հիշեցնենք, որ Տ.Ղամբարյանը և Binance-ի մեկ այլ ներկայացուցիչ ձերբակալվել են Նիգերիայի իշխանությունների կողմից այն բանից հետո, երբ նրանք ժամանել են երկիր՝ քննարկելու կառավարության մեղադրանքները: Բինանսը և Տ.Ղամբարյանն անձամբ մեղադրվում են փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ։ Բորսայի մյուս աշխատակցին հաջողվել է փախչել կալանքից, և Նիգերիայի իշխանությունները դիմել են Ինտերպոլին նրան վերադարձնելու հարցում օգնության ստանալու համար։

Binance-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը մայիսին բաց նամակ էր հրապարակել ի պաշտպանություն Տիգրանի, որտեղ, ի թիվս այլ բաների, նշել է, որ բորսայի ներկայացուցիչներին երկու անգամ առաջարկվել է «խնդիրները լուծել» կրիպտոարժույթով մեծ գումարի դիմաց։ Ի պատասխան՝ Նիգերիայում ոլորտի կարգավորողը հայտնել էր, որ նման հայտարարությունները նպատակ ունեն վարկաբեկել երկրի և Binance-ի կազմակերպած միջազգային արշավի մի մասն են:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *