• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գեորգիեւա. Համաշխարհային տնտեսությունը կարող է բաժանվել մրցակից դաշինքների

ByEditor

Mar 18, 2024

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան ասել է, որ համաշխարհային տնտեսությունը կարող է բաժանվել մրցակից դաշինքների, եթե երկրների միջեւ վստահությունը նվազի եւ աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակի աճել:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ ելույթ ունենալով Քեմբրիջում՝ «Տնտեսական հնարավորություններ թոռներիս համար» ելույթով՝ Քրիստալինա Գեորգիեւան
ասել է.

«Տնտեսական անհավասարության բարձր մակարդակը կործանարար ազդեցություն ունի սոցիալական կապիտալի եւ վստահության վրա՝ պետական հաստատությունների, ընկերությունների, միմյանց նկատմամբ: Մենք տեսնում ենք, որ երկրների միջեւ եւս վստահությունը նվազում է, իսկ աշխարհաքաղաքական լարվածությունն աճում է»։

Ըստ ԱՄՀ-ի հետազոտությունների՝ միայն առեւտրի մասնատումը կարող է երկարաժամկետ հեռանկարում $ 7,4 տրիլիոնով նվազեցնել համաշխարհային արտադրանքը, ինչը համարժեք է Ֆրանսիայի եւ Գերմանիայի համախառն ՀՆԱ-ին:

Հիմնադրամի աշխատակիցները պատրաստել են առաջիկա 100 տարվա իրադարձությունների զարգացման երկու հնարավոր սցենար։

««Ցածր հավակնությունների սցենարի» դեպքում համաշխարհային ՀՆԱ-ն կաճի մոտ երեք անգամ, իսկ կենսամակարդակը կբարձրանա երկու անգամ՝ այսօրվա համեմատ: «Բարձր հավակնությունների սցենարով» համաշխարհային ՀՆԱ-ն կավելանա 13 անգամ, իսկ կենսամակարդակը` 9 անգամ»,- նշել է ԱՄՀ ղեկավարը։

Նա թվարկել է ներդրումների համար երեք առաջնահերթ ոլորտները՝ նոր կլիմայական տնտեսություն, հաջորդ արդյունաբերական հեղափոխություն եւ մարդիկ: