ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու համար անհրաժեշտ է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Այս մասին նա ասել է Newsmax-ին տված հարցազրույցում։«Ես գիտեմ, որ նա ցանկանում է հանդիպել, և ես պատրաստվում եմ շուտով հանդիպել։ Ես դա ավելի շուտ արած կլինեի, բայց անկեղծ ասած, նախ պետք է հասնել գրասենյակ», – ասել է նա։Թրամփի խոսքով՝ հանդիպումն ու հակամարտության լուծումն արագացնելու ցանկությունը պայմանավորված է մարտի դաշտում երկու կողմերի ունեցած մեծ զոհերով։ Նա կրկնել է, որ եթե ինքը լիներ իշխանության, ապա այս հակամարտությունը տեղի չէր ունենա։
«Մենք կանենք ամեն բան, որ այս ամենն ավարտվի», – հավելել է Թրամփը։
Ավելի վաղ կոնգրեսական Մայք Ուոլցը, որը դառնալու է Թրամփի վարչակազմում ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, ABC-ին հայտնել էր, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով տարբեր երկրներից կողմից Պուտինի և Թրամփի հանդիպման համար վայր տրամադրելու առաջարկներին, հայտնել էր, որ դրա մասին դեռ վաղ է խոսել, և որ հանդիպման համար առարկայական նախապատրաստություն չի իրականացվում։