Զելենսկին Մակրոնի հետ զրույցում բարձրացրել է Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման թեման

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ բարձրացրել է Ուկրաինայի տարածքում արևմտյան զորակազմի տեղակայման հարցը։ Այս մասին Զելենսկին հայտնել է իր Telegram ալիքում:

«Այսօր խոսել եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Մանրամասն քննարկել ենք մարտադաշտում տիրող իրավիճակը և ուկրաինական ուժերի հաջողությունները Կուրսկի գործողությունում։ Մենք նաև պայմանավորվել ենք սերտորեն աշխատել հիմնական դաշնակիցների հետ՝ խաղաղության հասնելու և անվտանգության արդյունավետ երաշխիքներ մշակելու համար: Որպես այդ երաշխիքներից մեկը՝ մենք քննարկել ենք Ուկրաինայում զորակազմեր տեղակայելու՝ Ֆրանսիայի նախաձեռնությունը։ Մենք դիտարկել ենք դրա իրականացման գործնական քայլերը, հնարավոր ընդլայնումը և այլ երկրների ներգրավումն այս գործընթացում», – գրել է Ուկրաինայի նախագահը:

Դեկտեմբերին Զելենսկին Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Մակրոնի հետ և քննարկել նաև Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը։ Այն ժամանակ Զելենսկին ասել էր, որ պաշտպանում է Ֆրանսիայի նախագահի «հին գաղափարը», սակայն մանրամասներ չէր հայտնել՝ հավելելով, որ «դա հասարակ գործընթաց չէ, կան ռիսկեր»։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով աղբյուրների եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների շրջանում, հաղորդել էր, որ եվրոպական երկրները քննարկում են հրադադարի կամ հաշտության կնքման դեպքում Ուկրաինա զորակազմ ուղարկելու հարցը, որի թվաքանակը կարող է կազմել մինչև 100 000 զինծառայող։

Գործակալությունը հայտնել է նաև, որ Ուկրաինայի տարածքում եվրոպացի զինվորականների տեղակայման հնարավորությունը Վարշավայում կայացած հանդիպմանը քննարկել են Մակրոնը և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Տուսկը Մակրոնի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Լեհաստանն անգամ հրադադարից հետո չի պատրաստվում իր զորքերն ուղարկել Ուկրաինա:

Նոյեմբերին Մակրոնն այդ նախաձեռնությունը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *