• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մշակվում է Զբաղվածության ռազմավարություն՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման վրա. նախարար

ByEditor

Dec 18, 2023

Սաուդյան Արաբիայի մարդկային ռեսուրսների և սոցիալական զարգացման նախարարի հրավերով՝ Էր Ռիադում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել և ելույթ է ունեցել միջազգային աշխատաշուկայի համաժողովին։ Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանը այլ երկրների գործընկերներին ներկայացրել է ՀՀ աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները, սահմանված առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Իր ելույթում նախարարը կարևորել է աշխատաշուկայում անմրցունակ անձանց մասնագիտական ուսուցմանն ու զբաղվածության ապահովմանն ուղղված արդյունավետ ծրագրերի դերը՝ շեշտելով նաև կանանց տնտեսական հզորացմանն ուղղված միջոցառումների անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարն անդրադարձել է ՀՀ ԱՍՀՆ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև համագործակցությանը, որի շրջանակում հաջողությամբ իրականացվել է կանանց շրջանում ձեռներեցության զարգացմանն ու հմտությունների ուսուցանմանն ուղղված ծրագիր։

«Հայաստանն ընդլայնում է իր աշխատուժը՝ կենտրոնանալով երիտասարդների կրթության, աշխատողների վերապատրաստման և աշխատանքի առաջարկ-պահանջարկի անհավասարակշռության կարգավորման վրա: Մենք մշակում ենք Զբաղվածության ռազմավարություն՝ կենտրոնանալով մարդկային կապիտալի զարգացման, աշխատուժի շարժունակության, ինչպես նաև երիտասարդների, կանանց, տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական մոդելների ներդրման վրա»,- նշել է նախարարը։

Նարեկ Մկրտչյանը նաև կարևորել է տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտը խթանող նախաձեռնությունների դերը՝ անդրադառնալով ArmMath Labs-ի նախագծի, ինչպես նաև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների գործունեությանը։

Ելույթի ավարտին նախարարը կարևորել է նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ համատեղ նախաձեռնությունների իրականացման, ինչպես նաև ոլորտային խնդիրների կարգավորման տեսանկյունից։