• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառներին վերաբերող 19 որոշում. ՊԵԿ

ByEditor

Dec 18, 2023

ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 7-ից 8-ը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 44-րդ նիստին, որին մասնակցել են նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի մաքսային ծառայությունների պատվիրակությունները՝ ծառայությունների ղեկավարների գլխավորությամբ, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը:

ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ նիստի ընթացքում ստորագրվել է 19 որոշում, որոնք վերաբերում են մաքսային գործի տարբեր բնագավառներին, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման առանձնահատկություններին, մաքսային արժեքի մակարդակի հսկողության ենթակա ապրանքների ցանկի լրացմանը, մաքսային տարանցման ժամկետներին,

2024-2026թթ․ իրավապահ ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային մարմինների միջոցառումների ցանկի հաստատմանը և մի շարք այլ հարցերին։ Ներկայացվել են նաև ռիսկերի կառավարման ոլորտում աշխատանքների համակարգման կազմակերպման և դրական փորձի, ինչպես նաև հետբացթողումային հսկողության կիրառման և զարգացման աշխատանքային խմբի կողմից իրականացրած աշխատանքների արդյունքները։

Պետական եկամուտների կոմիտեի մի շարք պաշտոնատար անձինք և աշխատակիցներ պարգևատրվել են «Եվրասիական ինտեգրման գաղափարի հանրահռչակման գործում ներդրած նշանակալի ավանդի, եվրասիական ինտեգրման իրականացմանն ու զարգացմանն ակտիվորեն աջակցելու, Եվրասիական տնտեսական միության իրավունքը կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի մշակմանը մասնակցելու համար» պատվոգրով։

Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ նիստն անցկացնել 2024 թվականի առաջին եռամսյակում՝ Բելառուսի Հանրապետությունում: