Այսօր՝ հունվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Տառերի պուրակի հարևանությամբ, Ապարան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Gazel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 13 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ մի մասը՝ «Աշտարակ», մյուս մասը՝ «Ապարան» բժշկական կենտրոններ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:
Վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: