• Fri. May 3rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայաստանն ու Հարավային Կորեան մտադիր են համաձայնագիր ստորագրել տնտեսական, արդյունաբերական և գիտական համագործակցության մասին

ByEditor

Sep 2, 2023

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկին:

Ըստ հիմնավորման՝ Հայաստանն ու Կորեան ունեն երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցության և միջպետական կապերի ամրապնդման մեծ ներուժ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բոլոր ոլորտներում:

Համաձայնագիրը հարթակ կհանդիսանա ամրապնդելու և ընդլայնելու երկու պետությունների միջև տնտեսական, արդյունաբերական, գյուղատնտեսական, զբոսաշրջային և գիտատեխնիկական համագործակցությունը, ակտիվացնելու առևտրաշրջանառությունը և խթանելու փոխգործակցությունը։ Վերջինս նաև հնարավորություն է ընձեռում դյուրացնելու երկու երկրների հաղորդակցությունն իրենց պետությունների պետական կառույցների միջև, և ընդլայնելու կապը կազմակերպությունների, պալատների և ընկերակցությունների միջև, խթանելու այցերը, շփումները, ինչպես նաև՝ կազմակերպելու տոնավաճառներ, ցուցահանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ՝ երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Համաձայնագրով նախատեսվում է ձևավորել տնտեսական, արդյունաբերական, գիտատեխնիկական հարցերով հայ-կորեական միջկառավարական հանձնաժողով, որի նիստերը կանցկացվեն ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, հաջորդաբար՝ Հայաստանի Հանրապետությունում և Կորեայի Հանրապետությունում։