• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որտեղ են գտնվում աշխարհի 5 ամենաթանկ դպրոցները

ByEditor

Sep 2, 2023

Արդեն ժամանակն է հրաժեշտ տալու ամառվա անհոգ օրերին և դիմավորելու աշունը։ Բարի գալուստ Սեպտեմբերի 1` Գիտելիքի օր:

Մարդն իր ողջ կյանքում ուսանում է և այս կամ այլ կերպ ձեռք բերում տարատեսակ հմտություններ ու գիտելիքներ:

Ժամանակին համընթաց կրթական համակարգում տեղի են ունենում շղթայական փոփոխություններ։

 

Եվ  չնայած անընդմեջ փոփոխվող կրթական  չափորոշիչներին` կրթությունը ո’չ միշտ, ո’չ ամենուր և ո’չ բոլորին է հասանելի։ Դրա պատճառները շատ են` սոցիալական բարդ իրավիճակ, համաճարակներ, հակամարտություններ և այլն:

Թարմ օրինակ են Արցախի հազարավոր երեխաները, ովքեր  ոչ թե մտածում են դպրոց հաճախելու և կրթություն ստանալու մասին, այլ հացի հերթից դատարկաձեռն չվերադառնալու, հող մշակելու և հողից բերք ստանալու, ջուր կրելու, և, ի վերջո, առհասարակ գոյատևելու մասին։

Այդուհանդերձ, առանց կրթական բավարար մակարդակի` հնարավոր չէ լուծել մեր մոլորակի առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ: Կրթությունը ևս ներդրումների կարիք ունի: Բարձրակարգ ուսում ստանալու համար մարդիկ վճարում են մեծ գումարներ:

Ներկայումս թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի տարբեր անկյուններում շատ մեծ տարածում ունեն մասնավոր դպրոցները.  դրանցից շատերը ձեռնոց են նետում պետական դպրոցներին:

Հետաքրքիր է ուսումնասիրել` որոնք են աշխարհի 5 ամենաթանկ դպրոցները 2023թ-ի դրությամբ.

Եվ այսպես,

Institut Le Rosey— Աշխարհի ամենաթանկ դպրոցն է, նաև` հնագույններից մեկը։ Դպրոցը տեղակայված է Շվեյցարիայում և հիմնադրվել է դեռևս 1880թ-ին: Institut Le Rosey-ը մեծ համբավ ու վարկանիշ ունի Շվեյցարիայում և դրա սահմաններից դուրս: Այս դպրոցում տարեկան վարձավճարը միջինում կազմում է $116,000: Ի դեպ, դասերից բացի, պալատ-դպրոցն ապահովում է նաև վայելքներ՝ ջակուզիներ, սաունաներ, լողավազաններ, ժամանցային ակումբներ: Եվ սա դեռ ամենը չէ. դպրոցն ունի 2 առողջապահական կենտրոն,   թենիսի 10 կորտ, թատրոն, եկեղեցի, 3 ճաշարան, 2 սրճարան, լեռնագնացության, դահուկասպրոտի սեփական տարածքներ:


TASIS
— 2-րդ ամենաթանկ դպրոցը ևս գտնվում է Շվեյցարիայում: Այն հայտնի է որպես Ամերիկյան դպրոց Շվեյցարիայում կամ TASIS: Դպրոցում առաջարկում են ամերիկյան ոճի կրթություն` Եվրոպայի սրտում: TASIS-ը հիմնադրվել է 1956թ-ին, և այստեղ տարեկան վարձավճարը միջինում կազմում է $106,000:
ԱՄերիկյան դպրոցն ունի 4-18 տարեկան շուրջ 700 սան 50 երկրներից:
Համալսարանում, որը գտնվում է 74 ակր հողատարածքի վրա, կա 7 մասնաշենք: Դրանցից 6-ը նախատեսված են գիշերօթիկ ուսանողներին տեղավորելու համար: Յոթերորդ մասնաշենքում ցերեկային կրթության երեխաները կարող են հանգստանալ դասերի ընթացքում:

Կրկին Շվեյցարիա։ Collège du Léman` 3-րդ ամենաթանկն աշխարհում: Վերջինս հիմնադրվել է 1960թ-ին: Դպրոցում սովորում են 2-18 տարեկան աղջիկներ և տղաներ: Collège du Léman-ում տարեկան վարձավճարը կազմում է $99,000: Ըստ բրիտանական Business Insider-ի՝ այն Շվեյցարիայի ամենաազդեցիկ դպրոցի համբավ ունի, որտեղ ուսանում է 120 ազգության գրեթե 2000 աշակերտ:
College du Leman-իկրթության անբաժանելի մասն է կազմում կատարողական արվեստը. մանկավարժները պնդում են, որ կատարողական արվեստին պրոֆեսիոնալ մակարդակով տիրապետելը ոչ միայն սովորեցնում է ինքնարտահայտվել, այլև նպաստում է երեխաների համակողմանի զարգացմանը և զգալիորեն բարելավում նաև ակադեմիական կրթության որակը:
Դպրոցը զբաղեցնում է մոտ 8 հեկտար տարածք, որտեղ տեղակայված են 12 մասնաշենք՝ ժամանակակից սարքավորումներով դասասենյակներով,
սպորտային համալիր (5000մ2), բացօթյա սպորտային հրապարակներ, ֆուտբոլի դաշտ; թենիսի կորտեր, խորեոգրաֆիկ դահլիճներ,, մարզասրահ, արվեստի ստուդիաներ, սրճարան և խանութ, այգիներ՝ յուրաքանչյուրմ ասնաշենքին կից մոտ:


Aiglon College
— Զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը ամենաթանկ դպրոցների շարքում։ Այն ևս գտնվում է Շվեյցարիայում և հիմնադրվել է 1949թ.-ին: Դպրոցի տարեկան վարձավճարը կազմում է $94,000։
Հեղինակավոր այս դպրոցն ընդունում է օտարերկրյա աշակերտների 9 տարեկանից: Ուսումնական ծրագիրը անհատականացված է, հարմարեցված յուրաքանչյուր սովորողի մակարդակին և նախասիրություններին: Դպրոցը հավասարապես ուշադրություն է դարձնում բարձր ուսումնական արդյունքներին և անհատական ​​զարգացմանը, երեխաներին հնարավորություն է տալիս զարգացնել քննադատական ​​մտածողություն, սովորեցնում է՝ ինչպես հեշտ յուրացնել տրվածը՝ միաժամանակ հաճույք ստանալով սովորելու գործընթացից, խրախուսում է հետաքրքրասիրությունը:
Պարտադիր առնվազն տարին մեկ անգամ՝ հիմնականում ամռանը, 10-օրյա ճանապարհորդության են տանում ուսանողներին՝ թանգարաններ, արվեստի պատկերասրահներ Լոնդոնում, Ցյուրիխում, Լուգանոյում, էկոլոգիական ճամփորդություն դեպի Թաիլանդ, ուղևորություն դեպի ԱՄՆ-ի ՆԱՍԱ-ի աստղադիտարան:


Institut auf dem Rosenberg
— Աշխարհի 5-րդ ամենաթանկ դպրոցը հիմնադրվել է 1889թ-ին, իսկ տարեկան վարձավճարը կազմում է $92,000: Երկիրը` Շվեյցարիա։
Այստեղ սովորում է ավելի քան 30 ազգության մոտ 310 ուսանող: Հանրակացարանում ապրում է մոտ 260 ուսանող։ Դպրոցը հագեցած է ժամանակակից լաբորատորիաներով, ունի գրադարաններ, թենիսի կորտեր, ֆուտբոլի դաշտեր և այլ մարզական օբյեկտներ։
Որպես Ռոզենբերգի ինստիտուտի կրթության հիմնարար սկզբունք, ընդունված է շվեյցարացի մանկավարժ-դեմոկրատ Հենրիխ Պեստալոցցիի խոսքերը. «Ցանկացած կրթության նպատակն է սովորել, թե ինչպես ապրել»: Կրթության նպատակն այստեղ երեխայի բոլոր բնական ուժերն ու կարողությունները զարգացնելն է, և այդ զարգացումը պետք է լինի բազմակողմանի և ներդաշնակ։

✓Այսպիսով, փաստենք, որ մոլորակի 5 ամենաթանկ և շատերի համար «ամենաանհասանելի» դպրոցները, որոնք նաև ամենապահանջված ու ամենահեղինակավոր  կրթօջախների ցանկում են, գտնվում են գեղատեսիլ ու առաջադեմ Շվեյցարիայում։