Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության այսպես ասած արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով սպառնում է Ֆրանսիային՝ կասեցնել իր «օդային տարածքի» որևէ խախտում: Ինքնահռչակ հանրապետության այդ հայտարարությունը հաջորդել է տեղեկությանը, ըստ որի՝ Կիպրոսի իշխանությունը Ֆրանսիայի ռազմաօդային ուժերին թույլ է տվել թռիչքներ իրականացնել երկրի հյուսիսային մասում: Այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի ԱԳՆ-ն հայտնել է, թե Թուրքիայի հետ համատեղ կկասեցնեն «օդային տարածքի» խախտումները:
Ըստ էության՝ Ֆրանսիային նետվում է մարտահրավեր: Եթե Փարիզը հրաժարվի Կիպրոսի հյուսիսային հատվածում թռիչքներից, ապա կնշանակի, որ տեղի է տվել ինքնահռչակ միավորին: Իհարկե, հասկանալի է, որ այդ միավորի շուրթերով բարբառում է Թուրքիան: Դա էլ կնշանակի, որ միջերկրծովյան ռեգիոնում կարող է առաջանալ թուրք-ֆրանսիական նոր լարվածություն: Դա իհարկե չի լինի զարմանալի, որովհետև, չնայած հանգամանքին, որ երկու երկրների միջև ընդհուպ ռազմական բախման ռիսկ պարունակող լարվածությունը թոթափվեց, այդուհանդերձ, նրանց էքզիստենցիալ դիմակայությունն այդ գոտում, ըստ էության, նույնիսկ «հարատև» է, հետևաբար այդ դիմակայության ակտիվ ռեժիմի որևէ վերսկսում չի կարող լինել զարմանալի: Տվյալ պարագայում «հյուսիսկիպրոսյան» դրսևորումը կլինի՞ ակտիվ փուլի կայծ, թե՞ ոչ:
Օրեր առաջ տեղի էր ունեցել Թուրքիայի ու Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույց, որի ընթացքում քննարկվել էր իրավիճակը Սիրիայում, Էրդողանը գոհունակություն էր հայտնել, որ Փարիզը դիվանագետներ է գործուղում Դամասկոս՝ Սիրիայի նոր իշխանության հետ խոսակցության համար: Էրդողանն ու Մակրոնը հանդիպել էին նաև նոյեմբերի 7-ին՝ Բուդապեշտում, Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի ընթացքում՝ այնտեղ քննարկելով Լիբանանում այդ պահին գերլարված իրավիճակն ու Իսրայելի գործողությունները: Հնարավոր է, որ ֆրանս-թուրքական «մերձավորարեւելյան մեղրամիսը» ավարտվում է:
Իհարկե, մեղրամիսն այստեղ խիստ պայմանական եւ հրաբերական ձևակերպում է, քանի որ բուն առումով խոսքը, իհարկե, թերևս որոշակի՝ սովորականից ավելի ինտենսիվ երկխոսության մասին է: Ըստ ամենայնի՝ դրա ընթացքում չի հաջողվել պայմանավորվել մերձավորարևելյան նոր իրավիճակում շահերի համադրման շուրջ: ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը հայտարարել է, թե Սիրիայում ԱՄՆ դաշնակիցը Թուրքիան է և ակնարկել, որ այնտեղ Թուրքիային է դիտարկելու այսպես ասած իր շահերի «պրովայդեր»:
Իհարկե դա բավականին բազմիմաստ հայտարարություն է, սակայն այդ պարագայում ինչպե՞ս է Մերձավոր Արևելքում խաղալու Ֆրանսիան, ու՞մ հետ: Դա կարեւոր է Հայաստանի համար, քանի որ այդ հանգամանքը էական ազդեցություն է ունենալու Կովկասում Փարիզի «խաղունակության» վրա: Կասկածից վեր է, որ Մակրոն-Էրդողան շփումները, որքան էլ դրանց կենտրոնում Մերձավոր Արևելքն էր, շոշափել են նաև Կովկասը: Ըստ ամենայնի այդ գործընթացների դիտարկման «հիմքով» էր, որ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ, շնորհավորելով Ֆրանսիայի նախագահին ծննդյան տարեդարձի առիթով, բարձրաձայնել էր 2025 թվականին նրան Հայաստանում սպասելու մասին: