• Sat. Apr 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Չնայած արձանագրված բարձր տնտեսական աճին՝ աշխատողների զգալի հատվածի մոտ կենսամակարդակի էական փոփոխություն տեղի չի ունենում. «Լույս»

ByEditor

Jun 9, 2023

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2023թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: ՀՀ տնտեսության ընդհանուր անդրադարձից BanksNews.am-ն առանձնացրել է որոշ ուշագրավ փաստեր՝ ներկայացված հստակ թվերով:

«Շինարարության ոլորտի 15.6% աճը պայմանավորված է կազմակերպությունների և բնակչության միջոցներով իրականացված շինարարության ծավալների աճերով (նպաստումները` համապատասխանաբար 16.2 և 5.6 տոկոսային կետ)։ Կազմակերպությունների միջոցներով իրականացված շինարարության ծավալների աճը հիմնականում կապված է հիպոթեքային վարկերի տոկոսների՝ եկամտային հարկից վերադարձման ծրագրի գործունեության ժամկետային սահմանափակումների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների մեծ ներհոսքի պայմաններում բնակարանային շուկայում պահանջարկի աճի հետ։

Պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող շինարարության ծավալները, ընդհակառակը, նվազել են՝ 8․3 տոկոսային կետով հակազդելով շինարարության
ընդհանուր աճին։

Միջին ամսական անվանական աշխատավարձը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 22.9%-ով` կազմելով 261,495 դրամ: Ոչ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 26.7%— ով` կազմելով 292,048 դրամ, իսկ պետականում` 9.1%-ով և կազմել է 189,509 դրամ:
7.2% գնաճի պայմաններում, իրական աշխատավարձը՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 14.6%-ով: Ընդ որում, պետական հատվածում իրական աշխատավարձի աճն անհամեմատ ավելի փոքր է՝ 1.8%:

Փաստորեն, չնայած արձանագրված բարձր տնտեսական աճին, աշխատողների զգալի հատվածի (բոլոր վարձու աշխատողների մոտավորապես 30%-ի) մոտ կենսամակարդակի էական փոփոխություն տեղի չի ունենում:

Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9
անգամ և կազմել 553.2 մլն դոլար: Ընդ որում, ՌԴ-ից զուտ փոխանցումները կազմել են 1.1 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 9.1 անգամ:

Արդյունքում, ՀՀ-ում 2023թ. առաջին եռամսյակում գրանցվել է 12.1% տնտեսական աճ: Ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը ՀՀ տնտեսության համար շարունակում է ունենալ զգալի բարենպաստ ազդեցություն՝ ի հաշիվ ՀՀ տեղափոխված որակյալ աշխատուժի, կապիտալի և ՌԴ նկատմամբ արևմտյան պատժամիջոցների հետևանքով ՀՀ-ից ապրանքների և ծառայությունների արտահանման աճի։

Այնուամենայնիվ, չի կարելի բացառել աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխությունների հնարավորությունը, որոնք կչեզոքացնեն կամ էապես կնվազեցնեն արտաքին գործոնների բարենպաստ ազդեցությունը, ինչը, բնականաբար, բացասաբար կանդրադառնա ՀՀ տնտեսական աճի վրա»: