• Thu. May 2nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ–ն ու «Ռոսատոմը» ԱԷԿ–ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ծրագիր են պատրաստում

ByEditor

May 4, 2023

Հայաստանի կառավարությունը և ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան քննարկում են Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման նախագիծը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ այդ հարցը քննարկվել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրենի տեղակալ Նիկոլայ Սպասսկիի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ռոսատոմ» պետական կորպորացիայի համագործակցության ընթացիկ ծրագրերի և համագործակցության նոր ուղղություններին վերաբերող հարցեր։ Մասնավորապես Հայաստանի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցում, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ում առկա վտանգավոր թափոնների վնասազերծման հետ կապված հարցեր»,– գրել է նախարարը։

Նշվել է, որ նախապատրաստվում է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագիր։
Համապատասխան աշխատանքները կմեկնարկեն, երբ ՀՀ Կառավարության կողմից ծրագիրը կհաստատվի։
Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրով ներկայում ուսումնասիրման փուլում է նախնական տեխնիկակտնտեսական հիմնավորումը։
«Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում առկա թափոնների վնասազերծման հետ կապված համատեղ լուծումներ գտնելու նպատակով «Ռոսատոմի» ներկայացուցիչների հետ քննարկումները կշարունկվեն։