• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հայերենի դասեր հայրենադարձների համար

ByEditor

May 1, 2023

2023 թ.-ի մարտ ամսից «Վերադարձ Հայաստանը» հայոց լեզվի անվճար դասընթացներ է անցկացնում 70 հայրենադարձի համար՝ Հանրապետության 37 հասցեում տեղակայված Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի շենքում:

Ծրագրի նպատակն է օգնել վերջին երկու տարիներին Հայաստան տեղափոխված սփյուռքահայերին սոցիալական և մասնագիտական ինտեգրման գործընթացում: Հայերենի դասընթացներն անցկացվում են 4 մոդուլով՝ բազային հայերեն ռուսալեզու մասնակիցների համար, բազային հայերեն անգլախոս մասնակիցների համար, արևմտահայերենից արևելահայերեն հարմարվողականության մոդուլ և միջին մակարդակի հայերենի ուսուցանում՝ բաժանված 8 խմբի:

Դասերի տևողությունը 2.5 ամիս է: Ավարտին տրվում է հավաստագիր: «Վերադարձ Հայաստանի» ծրագրերի ղեկավար Մարիաննա Չոբանյանի խոսքերով՝ դասընթացներն այս ֆորմատով առաջին անգամ են անցկացվում: Նախկինում անցկացվել են ավելի փոքր մասշտաբով լիբանանահայերի և Ռուսաստանից ու Բելառուսից ժամանած մասնակիցների համար՝ հատուկ մասնագիտական հայրենադարձության ծրագրի շրջանակներում: Ծրագիրը իրականացվում է «Big Mind» կրթական կազմակերպության հետ, որը հիմնվել է սիրիահայ հայրենադարձի կողմից։ Այս անգամ ծրագրին մասնակցելու համար դիմել են 155 սփյուռքահայ: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամում հույս են հայտնում որ ծրագիրը կլինի շարունակական:

Դասընթացների մասնակից Արտյոմ Տիտանյանը ծրագրի արդյունավետության մասին ասում է. «Վերադարձ Հայաստանի լեզվի դասընթացներն ինձ օգնեցին սովորել և կանոնակարգել հայերենի բազային գիտելիքները: Պարապմունքներն անցկացվում են հարմար ժամի և հարմար վայրում՝ Երևանի սրտում։ Դասընթացը վարող հրաշալի մասնագետները ժամանակ են գտնում յուրաքանչյուր աշակերտի համար և միշտ հետաքրքիր տնային առաջադրանքներ է հանձնարարում։ Ընկերական մթնոլորտը և արդյունավետ ուսումնական նյութերն օգնում են ուսուցումն էլ ավելի հետաքրքիր դարձնել»:

Repat Armenia Foundation (հայերեն՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ), ստեղծվել է 2012թ. նպատակ ունենալով աջակցել փորձառու մասնագետների հայրենադարձության գործընթացին, խթանել հայրենադարձների ինտեգրումը եւ հայրենադարձության համար բարենպաստ միջավայրի ձևավորումը: