• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի Սերգեյ Սարաջյանը

ByEditor

Apr 26, 2023

Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի նրա անունը կրող միջազգային երաժշտական մրցույթը, որն այս տարի կանցկացվի դաշնամուրի մասնագիտական կարգում։ Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի անվանի դաշնակահար Սերգեյ Սարաջյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են հեղինակավոր այլ երաժիշտներ՝ Վահագն Պապյանը (Իսրայել-Հայաստան), Սիաոհան Վանը (Չինաստան), Պավել Գիլիլովը (Ավստրիա-Գերմանիա), Ստեֆան Լեմելին (Կանադա) և այլք։

Մրցույթը կանցկացվի հունիսի 6-ից 13-ը՝ երեք փուլով։ Երաժշտական այս ստուգատեսի նպատակն է բացահայտել երիտասարդ երաժիշտների, ինչպես նաև հանրայնացնել Արամ Խաչատրյանի կոմպոզիտորական արվեստը։

Յուրաքանչյուր տարի խաչատրյանական մրցույթի շրջանակներում Հայաստան են ժամանում 16-ից 35 տարեկան երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից։ 19 տարիների ընթացքում մրցույթը բացահայտել է բազմաթիվ տաղանդաշատ երաժիշտների, որոնք այսօր հանդես են գալիս լավագույն բեմերում՝ իրենց ուրույն տեղը գրավելով դասական երաժշտության աշխարհում։ Հատկանշական է, որ նրանք մրցույթի շնորհիվ իրենց երկացանկերում ընդգրկել են Խաչատրյանի ստեղծագործությունները՝ դրանք պարբերաբար կատարելով համերգների ընթացքում։

Նշենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է։ Մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը։ Երաժշտական այս խոշորագույն նախաձեռնությունն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։