• Tue. May 21st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վիվա-ՄՏՍ. Վայոց ձորում իրականացվել է «Էլեկտրական հովիվների» ներդրման երկրորդ փուլը

ByEditor

Apr 26, 2023

Մարդ-վայրի բնություն հակասության պատճառով տարբեր բնակավայրերում դեռևս շարունակվում են արջերի հայտնվելու դեպքեր արձանագրվել: Սնունդ հայթայթելու համար բնակավայրերին մոտեցող կենդանիներից առավելապես տուժում են ֆերմերային տնտեսությունները։ Հավասարակշռված մոտեցում պահանջող խնդրի լուծման համար բավականին արդյունավետ են ժամանակակից համակարգերը՝ «էլեկտրական հովիվները»: Դրանք թույլ են տալիս կանխել վայրի կենդանիների մուտքը տնտեսությունների տարածք՝ չխորացնելով մարդ-բնություն հակասությունը:

Մարզային կառույցներին աջակցելու հարցը շարունակում է մնալ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում: Ֆերմերային տնտեսություններին աջակցելու նպատակով, տարիների գործընկերներն այս մարզում առաջին նմանատիպ ծրագիրն իրականացրել են երեք տարի առաջ: Ժամանակակից տեխնոլոգիաներով՝ «էլեկտրական հովիվներով», ցանկապատվել և վերահսկվել է Վայոց ձորի 5 համայնք: Արդյունքը եղել է գոհացուցիչ:

Հաշվի առնելով վերջին երկու տարում ֆերմերային այլ տնտեսություններին հասցված վնասը՝ գործընկեր կազմակերպությունները նույն մարզում իրականացրել են երկրորդ ծրագիրը: Ներդրվել է 5 մլն դրամ: «Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ «էլեկտրական հովիվ» են ստացել Եղեգիս (7 համակարգ), Արենի (4 համակարգ) և Վայք (4 համակարգ) համայնքները: Դա թույլ է տալու պաշտպանել ֆերմերային 15 տնտեսություն:

«Վիվա-ՄՏՍ-ը տեխնոլոգիական առաջատար է հեռահաղորդակցության ոլորտում: Դա բազմիցս ապացուցվել է տարբեր նախագծերով: Դասական բիզնեսից այն կողմ, իրականացնում ենք նաև կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր և ձգտում, որպեսզի այն ամենն ինչ անում ենք, կապված լինի բարձր տեխնոլոգիաների կիրառման հետ: «Էլեկտրական հովիվների» ծրագիրն ապահովում է փոխադարձ պաշտպանվածություն: Պահպանելով վայրի կենդանիներին՝ ֆերմերները պաշտպանվում են նույն այդ կենդանիների հնարավոր հարձակումներից: Համատեղ այս ծրագրի գաղափարը տնտեսություններին ոչ միայն ինչ-որ առարկայական գործիք տրամադրել է, այլև ավելի խորքային նայելու դեպքում, կարելի է ասել՝ փորձում ենք նպաստել գյուղատնտեսական մշակույթի ձևավորմանը: Կարծում եմ՝ սա շատ լավ օրինակ է, թե մարդիկ ինպես պետք է հոգ տանեն այն ամենի մասին, ինչ անում են, զարգացնում են, և թե ինչն է իրենց համար կարևոր»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

««էլեկտրական հովվի» արդյունավետությունը չափելի կլինի այն ժամանակ, երբ գյուղացին պատշաճ կերպով ապահովի դրա օգտագործման տեխնիկական մասը՝ ճիշտ ամրացնի, միացումներ տա ու ստուգի լարումները: Այս ամենը մենք նրանց ևս սովորեցնելու ենք», – ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Նվիրաբերված «Էլեկտրական հովիվները» հարմար են ճկուն կիրառման՝ տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռագնա արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Համակարգն ունի առավելություն. տեղափոխվում է հեշտությամբ, ապահովում է լոկալ կիրառում, աշխատում է բարձր լարումով, բայց հոսանքի՝ թույլ ամպերաժով: Դա թույլ է տալիս բացառել կենդանիներին ֆիզիկապես վնասելու հավանականությունը:

«Էլեկտրական հովիվ» օգտագործող ֆերմերը կարող է նաև 10-15 րոպեում ցանկապատել 7500 քմ տարածք: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, գեներատորից և արագ մոնտաժվող ու ապամոնտաժվող 300 գծամետր ցանկապատից:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

«Էկոգյուղերի ցանցը» ներառում է գյուղեր՝ Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով, սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:

Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։