Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան տարեդարձի առիթով շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նշել նրա անձնական դերակատարումը հայ-ֆրանսիական հարաբերության խորացման առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձում հայտնել է գալիք տարի՝ 2025 թվականին Էմանուել Մակրոնին Հայաստանում հյուրընկալելու ակնկալիք: Սա ուշագրավ հանգամանք է, որը հասկանալու համար արժե անել որոշակի պատմաքաղաքական «էքսկուրս»: Մասնավորապես, Հայաստանի անկախությունից ի վեր, Ֆրանսիայի գործնականում բոլոր նախագահները պետական այց են կատարել Երևան, ինչը միջպետական բարձրաստիճան այցերի ամենաբարձր աստիճանն է, որի ընթացքում այցի քաղաքական բովանդակությանը տրվում է առանձնահատուկ նշանակություն:
Հայաստան չի այցելել միայն Ֆրանսուա Միտերանը, որը Ֆրանսիայի նախագահի պաշտոնում պաշտոնավարել է 1971-1995 թվական: Այսինքն՝ նրա պաշտոնավարման ժամկետին բաժին է ընկնում անկախ Հայաստանի 4 տարի, այն էլ, ըստ էության, ղարաբաղյան առաջին պատերազմի և անկախության առաջին տարիները, և հնարավոր է, որ պարզապես այդ հանգամանքն է եղել պատճառը, որ Միտերանը չի հասցրել գալ Հայաստան: Նրան հաջորդած երեք մյուս նախագահները՝ Ժակ Շիրակ, Նիկոլյա Սարկոզի և Ֆրանսուա Օլանդ, իրենց նախագահության ընթացքում համապատասխանաբար 2006, 2011 և 2014 թվականներին Պետական այցով եղել են Հայաստանում: 2017 թվականից ի վեր նախագահող Էմանուել Մակրոնը իր նախագահության արդեն 7 տարիների ընթացքում Հայաստանի չի կատարել պետական կամ նույնիսկ պաշտոնական այց:
Եղել է միայն աշխատանքային այց 2018 թվականին, այն էլ Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի առիթով, որի վերաբերյալ որոշումը կայացվել էր մի քանի տարի առաջ: Արդյո՞ք Ֆրանսիայի նախագահը համարել է, որ դա բավարար էր: Բայց չէ՞ որ այդ այցը ունի բոլորովին ուրիշ քաղաքական բովանդակություն և արարողակարգային խորհրդանշականություն, քան պաշտոնական և առավել ևս Պետական այցերը: Թե՞ Մակրոնի ավելի բարձր մակարդակի այցի հարցում իր ազդեցությունը թողեց 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմը:
Մյուս կողմից, հենց այդ պատերազմից հետո էլ պարբերաբար սկսեց շրջանառվել խոսակցություն, որ Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան: 2021 թվականին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթն իր հարցազրույցներից մեկում հայտնեց, որ Ֆրանսիայի նախագահը կայցելի Հայաստան, եթե լինի ռեգիոնալ այցի, այդ թվում Բաքու այցելելու հնարավորություն: 2022 թվականին Ֆրանսիայի և Ադրբեջանի հարաբերությունը դեռ բարվոք էր: Ավելին, Էմանուել Մակրոնը դեռևս 2021-ի դեկտեմբերից անմիջականորեն ներգրավվեց հայ-ադրբեջանական գործընթացում, Բրյուսելում դեկտեմբերի 15-ին հանդիպում ունենալով Փաշինյանի և Ալիևի հետ:
Ընդ որում, դրանից մեկ օր առաջ եղել էր Միշել-Փաշինյան-Ալիև առաջին հանդիպումը: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ Մակրոն-Միշել-Փաշինյան-Ալիև հայտնի հանդիպումը Պրահայում: 2023-ից, սակայն, Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունը սկսեց լարվել: 2024 թվականի ընթացքում մի քանի անգամ եղավ խոսակցության մակարդակի տեղեկություն, թե Մակրոնը պատրաստվում է այցելել Հայաստան: Վերջին այդպիսի խոսակցությունը սեպտեմբերի 21-ի անկախության տոնին ընդառաջ էր: Սակայն Մակրոնի այց տեղի չունեցավ նաև 2024 թվականին: Այժմ Նիկոլ Փաշինյանն արտահայտում է 2025-ին նրան Հայաստանում հյուրընկալելու ակնկալիք: Կարդարանա՞ այդ ակնկալիքը, և ինչպիսի՞ն կլինի մինչ այդ իրավիճակը ռեգիոնում: