ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԳ նախարարությունը։
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերին:
Ի թիվս այլնի, քննարկվել են Հայաստանում 2026թ. կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներն ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ համագործակցության հարցեր:
Արարատ Միրզոյանը և Ֆղանսուազ Ժակոբը մտքեր են փոխանակել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին ՄԱԿ գործունեության արդյունավետության ապահովման հարցերին՝ կազմակերպության մանդատին ու նպատակներին համահունչ: Քննարկվել են նաև ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերը:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված քայլերին և միջազգային գործընկերների հետ այդ ուղղությամբ փոխգործակցության հարցերի: