• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Նիկոլ Փաշինյանի և Էնթոնի Բլինքենի հայտարարությունները

ByEditor

Mar 23, 2023

«Ադրբեջանի ղեկավարի՝ մարտի 18-ին ունեցած ելույթից մեկ հիմնական ուղերձ կարելի է դուրս բերել․ նա բացահայտ ու բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները ու համաձայնվի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել», կառավարության մարտի 23-ի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այդ հայտարարությունը հատկապես ուշադրության է արժանի ժամեր առաջ տարածված մեկ այլ տեղեկատվության ֆոնին, որը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մասին է: ԱՄՆ Սենատում լսումների ժամանակ պատասխանելով սենատորների հարցերին, Բլինքենն ասել է, որ կա մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի լավ հնարավորություն: Բլինքենը միաժամանակ հայտարարել է, թե ԱՄՆ-ն ճնշում է բանեցնում Ադրբեջանի վրա, որպեսզի բացվի Լաչինի միջանցքը: Իրավիճակը փոքր ինչ տարօրինակ է, իհարկե, եթե օրինակ համադրում ենք Հայաստանի վարչապետի և ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները, որը մարտի 20-ին հեռախոսազրույց էր ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մարտի 21-ին՝ Իլհամ Ալիևի: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ վերաբերում է Ալիևի հայտարարությունների փաստին, որևէ կերպ չի խոսում խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտ հնարավորության մասին, կամ դրա շուրջ համաձայնության մոտ հնարավորության մասին, ինչի մասին խոսում է Էնթոնի Բլինքենը: Հետևաբար հարց է առաջանում, թե Բլինքենն ինչի՞ մասին է խոսում, երբ սենատորներին ասում է, որ տեսնում է մոտ ապագայում այդպիսի հնարավորություն:

Բանն այն է, որ իրական գետնի վրա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր, Ադրբեջանի կոշտացող հռետորաբանություն, Լաչինի միջանցքի արգելափակման շարունակություն, դիվերսիա Լաչինի միջանցքում և արցախցի երեք ոստիկանի սպանություն, նաև Երասխում հայ զինծառայողի սպանությունը, Հայաստանին պայմանների թելադրում և սպառնալիք: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչի՞ վրա է հիմնված խաղաղության պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը, թե՞ դա ընդամենը ԱՄՆ ներքաղաքական իրողություններով և հանգամանքներով թելադրված հայտարարություն է, որի հասցեատերը բացառապես ամերիկյան քաղաքական շրջանակն ու օրակարգն են, որտեղ էլ, ի դեպ, ծավալվում են բավականին լուրջ կրքեր՝ 2024 թվականի նախագահի ընտրությանն ընդառաջ: Իսկ, եթե սա այն չէ, ինչ կա այսպես ասած «գետնի վրա», ապա «գետնի վրա» եղած ի՞նչ է քողարկվում Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությամբ և գործողություններով: