Նիկոլ Փաշինյանի օպերատիվ պատասխանն Ալիևին. էսկալացիայի «բաժակը» կիսով չափ լի, թե դատարկ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրեսին» տված հարցազրույցում անդրադարձել է Իլհամ Ալիևի՝ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցին, որտեղ Ալիևը կրկնել է Հայաստանի հասցեին Ադրբեջանի հայտնի «մեղադրանքները» և քաղաքական պահանջները: Ըստ էության՝ այստեղ հարկ է արձանագրել, որ ինչպես մեծ հաշվով նորություն չէին Ադրբեջանի նախագահի պահանջները և «մեղադրանքները», այդպես էլ, ըստ էության, իրենց մեջ նորություն չեն պարունակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատասխանները և հակադարձումները:

Ընդ որում՝ դրանք, եթե անթերի չեն, ապա նվազագույնը համոզիչ են ու հստակ՝ նվազագույնը այն իմաստով, որ ցույց են տալիս Ադրբեջանի պահանջների և մեղադրանքների անհիմն, մտացածին լինելը: Խոսքը վերաբերում է թե՛ Հայաստանի Սահմանադրությանն առնչվող ադրբեջանական պնդումներին, թե՛ Հայաստանի «սպառազինվելու» իբրև թե ռևանշիստական նկրտումների վերաբերյալ արհեստական մեղադրանքներին, թե ԵՄ դիտորդների հարցին, թե նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմային:

Ընդ որում՝ այստեղ թերևս կա որոշակի նորության երանգ, գոնե հրապարակային մասով: Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ: Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արևմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները:

Հետևաբար, մարդկանց վերադարձն այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, և Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ»,- ասում է Հայաստանի վարչապետը: Այստեղ, իհարկե, տողատակում բավականին նշմարելի է «միտքը», որ Հայաստանը չի բարձրացնում նաև արցախահայերի վերադարձի հարցը՝ հենց Նիկոլ Փաշինյանի մատնանշած տրամաբանության համատեքստում, ու ըստ այդմ ակնկալում, որ Ադրբեջանն էլ հրաժարվելու է «արևմտյան ադրբեջանցիների»՝ Հայաստան «վերադարձի» հարցից:

Սակայն Ադրբեջանը գոնե մինչ այժմ ոչ միայն չի հրաժարվել, այլ մինչ այդ հասարակական կազմակերպության մակարդակով առաջ քաշվող հարցը արդեն առաջադրել է նախագահի մակարդակով, ինչը ենթադրում է, որ Բաքվի համար Երևանի առաջարկած տրամաբանությունը ընդունելի չէ: Դա ևս հասկանալի է: Ինչպես նշել էի թեմայի վերաբերյալ այսօր ավելի վաղ արած անդրադարձում, Ադրբեջանը հիանալի գիտե, որ, եթե անգամ Հայաստանը բարձրաձայնի արցախցիների վերադարձի հարց, միևնույն է, չի լինելու Ադրբեջանի քաղաքացու կարգավիճակով, Բաքվի ենթակայությամբ վերադառնալ ցանկացող: Իսկ Ադրբեջանը Հայաստան կարող է «վերադարձնել» տասնյակ, եթե ոչ հարյուր հազար ադրբեջանցիներ, որոնք այստեղ լինելու է պարզապես «ականներ», որը Բաքվին թույլ կտա ականապատել Հայաստանի ներքին կյանքը և հող ստեղծել որևէ «ականի պայթյունի» առիթով Հայաստանի հանդեպ ագրեսիվ գործողությունների համար:

Ի դեպ, լարվածության և հնարավոր ագրեսիայի առնչությամբ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը չունի Ադրբեջանի հանդեպ որևէ գործողության մտադրություն անգամ, և նույնիսկ Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանի օկուպացրած հատվածները ուժով ազատագրելու հարց իսկ չի դնում: Եթե Ադրբեջանն էլ չունի Հայաստանի հանդեպ ագրեսիայի մտադրություն, ապա էսկալացիայի հավանականությունը զրո է, ասում է Հայաստանի վարչապետը: Բայց, Ադրբեջանի մտադրության հարցը ոչ միայն «թեական է», այլ խիստ նկատելի, որ Ադրբեջանն ունի այդպիսի մտադրություն և հետեւողականորեն փորձում է ստեղծել պատրվակ, փնտրել առիթ, «որսալ պահ»: Ընդ որում՝ հենց Նիկոլ Փաշինյանի համապարփակ հարցազրույց-անդրադարձը թերևս պայմանավորված է հենց այդ գիտակցումով:

Համենայն դեպս, Ադրբեջանի մեղադրանքներն ու պահանջները, ինչպես նշեցի, ամենևին նորություն չեն, սակայն կարծես թե առաջին անգամ է, որ Հայաստանի վարչապետը օպերատիվ կերպով և այսպես ասած հարցազրուցային տեքստային համապարփակությամբ անդրադառնում է և պատասխանում դրանց: Դա թերևս վկայում է, որ Փաշինյանը իրավիճակը գնահատել է լուրջ: Միաժամանակ, անկասկած է, որ հարցազրույց-անդրադարձը իհարկե գուցե անհրաժեշտ, բայց արդյո՞ք բավարար քայլ է էսկալացիայի ռիսկերը կառավարելու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *