• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Վարչապետը կարեւորել է Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին

ByEditor

Mar 18, 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 17-ին, ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Կառավարությունից, վարչապետը, գոհունակություն հայտնելով ԱՄՀ-Հայաստան գործընկերության կապակցությամբ, կարեւորել է ԱՄՀ աջակցությունը Կառավարության բարեփոխումների օրակարգին:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ նախորդ տարի ՀՀ-ն արձանագրել է տնտեսական աճի եւ պետական բյուջեի եկամուտների աճի բարձր ցուցանիշներ:

Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ Կառավարությունը վճռական է տարբեր ուղղություններով բարեփոխումները շարունակելու հարցում եւ կարեւորում է այդ ճանապարհին միջազգային գործընկեր կառույցների հետ հետեւողական աշխատանքը:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար եւ նշել, որ ԱՄՀ-ն կշարունակի աջակցել մեր երկրի տնտեսական առաջընթացին, Կառավարության նախաձեռնած բարեփոխումներին: Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավական նշանակալի են, եւ ԱՄՀ-ն հետաքրքրված է արդյունավետ գործակցության զարգացմամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են գործընկերության օրակարգին, քննարկել ԱՄՀ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրին վերաբերող հարցեր:

Վարչապետը ներկայացրել է տնտեսության դիվերսիֆիկացման, ֆինանսատնտեսական կայունության ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման, օրենսդրական կարգավորումների, հակակոռուպցիոն պայքարի, հարկային ոլորտի, նաեւ այլ ուղղություններով բարեփոխումները եւ արձանագրվող արդյունքները:

Մտքեր են փոխանակվել տնտեսության առկա միտումների եւ 2023թ. ակնկալիքների շուրջ: