• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կովկասի կայունության ճոճվող սյունը. Երևանի համար կենսական հանգամանք

ByEditor

Mar 18, 2023

Հարավային Կովկասում ավելի ու ավելի են սեղմվում «մուրճն ու սալը»: 2008 թվականից ի վեր առաջին անգամ Վրաստան է այցելել Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը, որը Թբիլիսիում արել է մի քանի բավականին կոշտ հակառուսական հայտարարություններ, որոնք սակայն ամենևին զուտ դեկլարատիվ չեն: Մասնավորապես, բրիտանացի նախարարը խոսել է Վրաստանին ՆԱՏՕ աջակցությունը ընդլայնելու քայլերի մասին, որ կլինեն 2023 թվականին: Իսկ, թե ինչպիսի զգայունություն ունի նախկին խորհրդային տարածքում ՆԱՏՕ քայլերի հանդեպ Ռուսաստանը՝ չունի ավելորդ հիշեցումների կարիք:

Ի դեպ, հարկ է նկատել, որ Ուկրաինայի դեմ պատերազմից մոտ վեց ամիս առաջ Լոնդոնը Կիևի հետ կնքեց Ազովի և Սև ծովերում երկու բրիտանական ռազմակայան կառուցելու համաձայնագիր: Լոնդոնի աշխուժությունը Կովկասում անշուշտ բացառիկ չէ: Ավելին, թերևս բարդ է գտնել աշխարհաքաղաքական «հիմնական կազմի» խաղացողների շրջանում մեկին, որը բացառություն լինի Կովկասում ոչ էական շահերի հետապնդման տեսանկյունից: Բանն այստեղ իհարկե Կովկասը չէ, այլ այն, որ մեր ռեգիոնը գտնվում է արևելքի և արևմուտքի, հյուսիսի և հարավի հաղորդակցման թե աշխարհագրական, թե գործնականում աշխարհաքաղաքական սահմանին և այստեղ էական դեր է ստանում իրադրության կառավարման «իրավունքը», ազդեցությունը: Ընդ որում, այստեղ խոսքը ոչ միայն զուտ Կովկասի, այլ արևելաեվրոպական գոտուց մինչև Կովկաս և Մերձավոր Արևելք շղթայի մասին: Մուրճն ու սալն այդ իմաստով շարունակելու են սեղմվել, ինչը մեծացնելու է ռեգիոնում լարվածության ռիսկը, քանի որ Ռուսաստանն ու Իրանն էլ փորձելու են ամեն կերպ հակազդել ազդեության համար պայքարի արևմտյան նախաձեռնություններին: Բայց, ամբողջ հարցը այն է, որ այդ դիմակայության հետևանքով ռազմական մասշտաբային էսկալացիան կբխի այսպես ասած արտառեգիոնալ՝ հեռու խաղացողների շահերից, ի տարբերություն նրանց, ովքեր խաղում են որպես ռեգիոնալ սուբյեկտ, այստեղ են անմիջապես: Սա է գլխավոր ռիսկն ու խնդիրը բոլոր նրանց համար, որոնք ռեգիոնալ կայունության շահառու են: Եվ այստեղ հազիվ թե գտնվի այդ՝ կայունության հարցում Հայաստանից ավելի կենսական կարիք ունեցող մեկը: Միևնույն ժամանակ, իրավիճակը հեռու է այնպիսի ռեժիմից, երբ կա ձևավորված կայուն ու հաստատուն «կլաստեր», որի անդամները հետևողական քաղաքականություն են վարում ռեգիոնալ կայունության ուղղությամբ, լինելով ռեգիոնալ սուբյեկտության կրող: Մեղմ ասած բավականին երկիմաստ են Թուրքիան ու Ադրբեջանը, ինչն ունի թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ պատճառներ:

Հանգուցային կետն այսօր սակայն դառնում է Վրաստանը, որտեղ իշխանության հավասարակշռված քաղաքականությունը վերածվել է ռեգիոնալ կայունությունը թեկուզ ոչ աներկբա, որ միարժեք, սակայն զգալիորեն պահող սյուներից մեկի: Եթե կոտրվի Վրաստանի բալանսավորված քաղաքականության այդ սյունն ու Թբիլիսին անցնի Ռուսաստանի դեմ անմիջական պատերազմի ճամբար, սա կարող է փլուզել ռեգիոնն անմիջապես, մյուս սյուները ևս՝ դոմինոյի էֆեկտով: Այստեղ Հայաստանի համար ճաշակի կամ քաղաքակրթական նախընտրությունների հարց չէ: Քաղաքակրթական ընտրությունը անկասկած կարևորագույն հանգամանք է, սակայն այսօր, և շատ վաղուց, Հայաստանի համար այդ խնդիրը գերազանցապես ներհասարակական և ներպետական հարաբերությունների ու կառավարման հարց է: Արտաքին դաշտում Հայաստանը չունի այդպիսի խնդիր, արտաքին դաշտում Հայաստանի խնդիրը անվտանգությունն է՝ կենսական իմաստով, օպերատիվ-կենսականության աստիճամնով: Իսկ այդ հարցում էական նշանակություն ունեցող գործոն է Վրաստանի բալանսը, որն այսօր վտանգի տակ է և պատահաբար չէ, որ հենց այդ վտանգի ուժգնացմանը զուգահեռ Երևանը հայտարարեց էսկալացիայի բարձր ռիսկի մասին: