• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ինչ են պահանջում Արցախի ԱԺ խմբակցությունները Հայաստանի իշխանությունից

ByEditor

Mar 14, 2023

Արցախի խորհրդարանի խմբակցությունները հայտարարություն են տարածել այն առնչությամբ, որ շուտով կլրանա Արցախի շրջափակման 100-րդ օրը: Նրանք այդ առնչությամբ տարածած հայտարարությունում նշում են, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի միջազգային բանակցային մանդատով, մասնավորապես Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ բանակցության միջոցով: Միևնույն ժանանակ, Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները «արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»: Արդարացի պահանջ է, անշուշտ:

Բայց, այդօրինակ պահանջների բարձրաձայնումը առաջացնում է մի հարց՝ իսկ ինչի՞ համար են Արցախի խորհրդարանն ու դրա խմբակցությունները, նրանք՝ իրենք իրենցից ունե՞ն որևէ պահանջ, կապված Արցախի ճակատագրի հետ, թե՞ Արցախի խորհրդարանի դերը սահմանափակվում է միայն արցախյան պետական կառավարման համակարգում խորհրդարանի ֆորմալ ներկայությամբ, որովհետև կառավարման համակարգերը ունենում են խորհրդարաններ, կամ առանց որևէ քաղաքական հիմնավորման և ռացիոնալ փաստարկվածության խրոխտ ռազմա-հայրենասիրական օրենքների ընդունումով՝ ինչպես օկուպացված տարածքների մասին օրենքի ընդունումը, կարծես հետպատերազմյան վերքերն ապաքինելու կենսական հրամայական ունեցող Արցախում դա էր հրատապը, և կամ՝ հարկ եղած դեպքում դեկլարատիվ հայտարարություններ անելու գործառույթով, այդ թվում Հայաստանի իշխանությանն ուղղված պահանջներով, որոնց ժամանակագրությունն էլ սակայն սահմանափակվում է վերջին շրջանով:

Մինչդեռ, եթե օրինակ Արցախի խորհրդարանականները պահանջներ ունենային Հայաստանի նախկին կառավարող համակարգին, ապա գուցե այսօր բոլորովին չլիներ Հայաստանի ներկայիս իշխանությանը պահանջներ ներկայացնելու անհրաժեշտություն կամ կարիք, որովհետև պարզապես չէր լինի այսօրվա իշխանության կարիքը: Խոսքն այն մասին չէ, որ նախկկին իշխանությունից էր պետք պահանջել ինքնորոշման իրավունքը չդնել կասկածի տակ: Նախկին իշխանությունն իհարկե ամեն առիթով բավականին հստակ հայտարարում էր այդ իրավունքի մասին, երբեմն անգամ բավականին կոշտ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ ինքնորոշման իրավունքը և դրա իրացումը, դրա միջազգային ընկալումն ու լեգիտիմությունը ձևավորվում են ոչ թե պարզապես կոչերով, հայտարարություններով, դրանց վիճակագրական ինտենսիվությամբ, այլ աշխատանքով, դրա որակով, ճանաչված, թե չճանաչված պետականության կենսագործունեության բովանդակությամբ:

Հայաստանի կառավարող նախորդ համակարգից պետք էր պահանջել այդ որակը, բովանդակությունը, որը պետք է լիներ արցախյան հարցում ինքնորոշման իրավունքի ընկալմանը անհրաժեշտ հայկական փաստարկների ամրությունն ու մատուցումը ապահովող կարևոր գործոն ու բաղադրիչ, որը պետք է ապահովեր Հայաստանի և Արցախի առավել մեծ ներքին ներուժ, ինչն էլ պետք է ապահովեր ինքնիշխան քաղաքականության այնպիսի աստիճան, որը թույլ կտար Հայաստանին խուսանավել եվրասիա-թուրքական սեղմվող օղակի ճնշումից: Բայց, այդ ամենի փոխարեն, արցախյան պետական-քաղաքական համակարգը Հայաստանի նախորդ կառավարման համակարգից պահանջում էր թերևս մի գլխավոր բան՝ սեփական քվոտաները, այլ՝ «ավելորդ» պահանջներ չունենալու համար: Մտածողական «իներցիան» շարունակվում է, պարզապես արդեն այլ է միջազգային և ռեգիոնալ ստատուս-քվոն ու նաև միջազգային հարաբերությունների բնույթն ու տրամաբանությունը: Բայց, Արցախի խորհրդարանի խմբակցությունների հայտարարության բովանդակությունից տպավորություն է, որ ժամանակը նրանց համար կանգ է առել և չկան այն համաշխարհային ու ռեգիոնալ իրողությունները, որ շրջապատում են Հայաստանն ու Արցախը և պահանջում քաղաքական մտքի որակական վերափոխումներ, այդ իրողությունների հանդեպ ներքին կենսունակության ու դիմադրունակության առավելագույն աստիճանի հասնելու և ըստ այդմ սեփական անվտանգության ու իրավունքների պաշտպանության արդյունավետությունը բարձրացնելու համար: Որովհետև, միայն այդ կերպ է լսելի դառնում որևէ ձայն, քանի որ այդ կերպ է որևէ ձայն դառնում համոզիչ ու հիմնավոր: