ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից` նշելով, որ հանդիպմանը նախորդել է դիմավորման պաշտոնական արարողությունը՝ պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:

Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցություն է հայտնել Հնդկական օվկիանոսում՝ Ֆրանսիայի անդրծովյա Մայոտ կղզում, ցիկլոնի հետևանքով գրանցված զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է պաշտպանության բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը:

Սուրեն Պապիկյանը կարևորել է ինչպես Սեբաստիան Լըկորնյուի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման ընթացքը, այնպես էլ այս հանդիպման ընթացքում համագործակցության վերաբերյալ ձեռքբերվելիք նոր պայմանավորվածությունները:

Կողմերը հաստատել են, որ համագործակցությունը դրվել է երկարաժամկետ և ինստիտուցիոնալ հիմքերի վրա:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հաստատել է համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *