• Mon. May 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Revolut ֆինտեխ ստարտափի ուշացված ֆինանսական հաշվետվությունը

ByEditor

Mar 2, 2023

Բրիտանական Revolut ֆինտեխ ստարտափը հայտնել է, որ 2021 թվականին ընկերության զուտ շահույթը կազմել է 26 միլիոն ֆունտ ($31,4 միլիոն), իսկ եկամուտը եռապատկվել է՝ 220 միլիոն ֆունտից ($265,6 միլիոն) հասնելով 636 միլիոն ֆունտի ($767,9 միլիոն):

Այսպիսով, 2021 թվականը Revolut-ի համար դարձավ առաջին շահութաբեր տարին։ Ընկերությունը 2020 թվականն ավարտել էր 223,6 միլիոն ֆունտ ($270 միլիոն) զուտ վնասով:

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ ստարտափն իր զեկույցում հայտնել է նաեւ, որ 2021 թվականին շաբաթական ակտիվ հաճախորդների թիվն աճել է գրեթե մեկուկես անգամ՝ հասնելով 16,4 միլիոնի, իսկ այժմ նրանց թիվն ավելի քան 27 միլիոն է։ Համախառն շահույթը (հասույթի եւ ծառայությունների ինքնարժեքի տարբերությունը) 2021 թվականին նույնպես աճել է՝ 33%-ից հասնելով 70%-ի։ Ընկերությունը հայտարարել է, որ իր եկամտի ամենամեծ աղբյուրը Foreign Exchange and Wealth ուղղությունն է (ներառյալ՝ արժույթի փոխանակման միջնորդավճարները եւ կրիպտոարժույթների ու այլ ակտիվների առուվաճառքի բիզնեսը):

«2021 թվականին մենք շահույթ ստացանք, չնայած այն հանգամանքին, որ տնտեսությունը երկարատեւ շոկի մեջ էր՝ կապված ամբողջ աշխարհում COVID-19-ի հետեւանքների հետ։ Միաժամանակ, թվային ծառայությունների արագ ներդրման եւ հեռավար աշխատանքի շնորհիվ մեր հաճախորդների թիվն ավելացել է, նրանք սկսել են ավելի շատ օգտվել մեր հավելվածից»,- ընկերության հիմնադիր Նիկոլայ Ստորոնսկու խոսքերն է մեջբերում Financial Times-ը։

Ըստ հաշվետվության՝ 2022 թվականին Revolut-ի եկամուտը շարունակել է աճել, սակայն ավելի դանդաղ տեմպերով՝ ավելանալով 30%-ով՝ մինչեւ 850 միլիոն ֆունտ ($1․027 միլիարդ)։ Անցած տարվա շահույթի մակարդակը ստարտափը չի բացահայտել։ Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ Revolut-ի ֆինանսական տնօրեն Միկո Սալովարան եկամուտների աճը բացատրել է հավելվածի միջոցով վճարումների քանակի ավելացմամբ։ Դրանք ավելի շատ են դարձել հաճախորդների հոսքի շնորհիվ, ինչպես նաեւ այն պատճառով, որ 2022 թվականին նրանք կարողացել են ավելի շատ ճանապարհորդել։

Revolut-ը մի քանի ամսով ուշացրել էր 2021 թվականի իր ֆինանսական հաշվետվության հրապարակումը։ Ֆինանսական արդյունքներն ընկերությունը պետք է ներկայացներ Մեծ Բրիտանիայի գրանցման պալատ 2022 թվականի սեպտեմբերին, սակայն չի արել դա: Ստարտափին հնարավորություն էին տվել ներկայացնել հաշվետվությունը մինչեւ դեկտեմբերի ավարտը, սակայն այդ ժամկետում էլ ընկերությունը չէր տեղավորվել։ Դեկտեմբեր ամսվանից Revolut-ի 2021 թվականի հաշվետվությունը Ֆինանսական հաշվետվությունների խորհրդի կողմից ճանաչվել էր ժամկետանց:

Ինչու է ուշանում Revolut ֆինտեխ ստարտափի բրիտանական բանկային լիցենզիան21.02.2023 | 10:04 Ինչու է ուշանում Revolut ֆինտեխ ստարտափի բրիտանական բանկային լիցենզիան

Վերջերս The Observer-ը (պատկանում է The Guardian-ին) գրել էր, որ կադրերի արտահոսքը, հաշվետվությունների ուշացումները եւ Ռուսաստանի հետ կապերն այն հանգամանքներն են, որոնց պատճառով Revolut-ը մինչ օրս չի ստացել բանկային լիցենզիա Մեծ Բրիտանիայում:

Նշվում էր, որ Մեծ Բրիտանիայում Revolut-ին տուգանք է սպառնում՝ 2021 ֆինանսական տարվա հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետը խախտելու համար: Ստարտափն, իր հերթին, հայտարարել էր, որ հաշվետվության ուշացման համար պետք է պատասխան տան իր աուդիտորները BDO-ից։ Հարցմանն ի պատասխան BDO-ում նշել էին, որ չեն կարող մեկնաբանել կոնկրետ ստուգումները։