ՌԴ նախագահ Պուտինը Նովո-Օգորյովոյի իր նստավայրում դեկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Ղազախստանի նախկին նախագահ, գրեթե երեք տասնամյակ այդ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրած Նուրսուլթան Նազարբաևին: Մանրամասներ չեն հայտնվում, թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպմանը: Սակայն ուշադրության է արժանի այն, որ Պուտինը մոտ երկու շաբաթ առաջ պետական այցով ժամանել էր Ղազախստան, որտեղ այցից բացի կայացավ նաև ՀԱՊԿ գագաթնաժողովը: Մի՞թե ՌԴ նախագահն այդ այցի ընթացքում չունեցավ նաև նախկին նախագահ Նազարբաևին հանդիպելու ժամանակ:
Եվ ի՞նչ է մնացել կիսատ, որ դեկտեմբերի 13-ին Պուտինը Նազարբաևի հետ հանդիպել է Նովո-Օգորյովոյում: Ի դեպ, ինչպես հայտնի է նույն օրը Մոսկվայում էր նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ ԵԱՏՄ վարչապետների խորհրդի նիստին նախագահելու առիթով, թեև Փաշինյան-Պուտին հանդիպում չի եղել, գոնե հանրայնացված: Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին սպասում են տարեվերջին ԱՊՀ ու ԵԱՏՄ գագաթնաժողովներին: Նոււրսուլթան Նազարբաևի հետ Փաշինյանի վերջին հանդիպումը 2019-ի մայիսի 28-ին էր, Աստանայում, ուր Փաշինյանը ժամանել էր ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցելու:
Նազարբաևն այդ ժամանակ այլևս նախագահ չէր, դրանից երկու ամիս առաջ նա անսպասելի հայտարարել էր հեռանալու և պաշտոնը Կասիմ ժոմարդ Տոկաևին թողնելու մասին: Ընդ որում՝ հատկանշական է, որ դրանից երկու ամիս անց Աստանայում հանդիպելով Փաշինյանին, Նազարբաևը ունեցել էր ողջույնի խոսք, որը նույնիսկ թողնում էր Փաշինյանի առաջ մի կողմից «սիրտը բացելու», մյուս կողմից՝ խրատի տպավորություն: «Դուք գիտեք, որ ես, խորը մտածելով, ընդունեցի այդ որոշումը: Երբ կհասնեք իմ փորձին և տարիքին, ավելի լավ կհասկանաք ինձ: Հունիսի 20-ին կլրանար իմ՝ Ղազախստանի ղեկավար լինելու երեսուն տարին: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միությունն էր: 1989 թվականին ես ընտրվեցի Ղազախստանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, իսկ մինչ այդ ես կառավարության ներկայացուցիչ էի: Այդ պատճառով շատ եմ աշխատել, շատ բան եմ տեսել, ողջ Ղազախստանն է ինձ ճանաչում, և անկախության վերջին տարիներին մենք շատ բան կարողացանք անել` փաստացիորեն բարձրացնել Ղազախստանի վարկը, երկիրը հայտնի դարձնել ամբողջ աշխարհին:
Եվ ես համարեցի, որ եկել է ղեկավարի պաշտոնը հանգիստ փոխանցելու ժամանակը: Միևնույն ժամանակ, շարունակում եմ աշխատել: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 30 տարի ինձ հետ աշխատում է, ես նրան գիտեմ, շատ պատրաստված և կիրթ անձնավորություն է: Վստահ եմ, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն նույնքան լավ, ինչպես և մինչ այդ էին», ասել էր Նազարբաևը Նիկոլ Փաշինյանին:
Ընդ որում՝ երեք տարի անց հենց Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ կայացվեց Ղազախստաննի վերաբերյալ աննախադեպ որոշում, երբ 2022-ի հունվարին այդ երկրում ներքին լարվածություն էր և բախումներ, Հայաստանի նախագահությամբ նախաձեռնվեց և կայացվեց ՀԱՊԿ հավաքական ուժերը Ղազախստան մտցնելու մասին որոշում: Երևանը նաև պատճառաբանում էր, որ իբրեւ ՀԱՊԿ նախագահող այդ մեխանիզմը աշխատեցրել է, որպեսզի հարկ եղած դեպքում ՀԱՊԿ-ն աշխատի նաև որպես Հայաստանի անվտանգության մեխանիզմ: Ինն ամիս անց սկսեցին Հայաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ից: