«Սիրիային հարևան երկրի կառավարությունը դեր է խաղացել և շարունակում է խաղալ, բայց գլխավոր դավադիրները, դավադրության գլխավոր շտաբը գտնվում է ԱՄՆ-ում և սիոնիստների ռեժիմում»,- սիրիական «հեղափոխության» մասին ասել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Նա, սակայն, հավատացած է, որ «սիրիացի երիտասարդությունն ապստամբելու և իր հայրենիքն ազատելու է թաֆիրական խմբավորումներից, որ Դամասկոսում հրճվանքի տոնախմբություններ են կազմակերպում»: Խամենեին Սիրիայի բանակին քննադատել է, որ դիմադրություն ցույց չի տվել, մինչդեռ Իրանը պատրաստ էր ռազմական աջակցություն ցուցաբերել:
Իրանը, չնայած հոգևոր առաջնորդի և ԻՀՊԿ հրամանատարության սպառնալի հայտարարություններին, Սիրիայում այևս փաստացի դերակատար չէ, այնտեղ գետնի վրա իրավիճակում ներկա են Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ը և Ռուսաստանի: Այս առումով շատ ենթատեքստային հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը: Նա ասել է, որ Ռուսաստանին Սիրիայի տարածքում «ցրված» ռազմական ներկայացուցչությունների անվտանգ տեղափոխմանն օգնելու առաջարկություն են արել, բայց պատասխան չեն ստացել:
Գյուլերը համոզված չէ, որ Ռուսաստանը Սիրիայից կհեռանա: Նա կարծում է, որ Մոսկվան «ապստամբական ուժերի» հետ բանակցում է, որպեսզի պահպանի Տարտուսի և Հմեյմիմի ռազմաբազաները: «Հայաթ թահրիր ալ-Շամի» առաջնորդ Ջուլանին ասել է, որ Ռուսաստանի ռազմական ներկայության հարցը «կորոշի սիրիացի ժողովուրդը»:
Բայց ո՞վ է «սիրիացի ժողովուրդը»՝ ներկա փուլում ոչ ոք չգիտի կամ ներկայացնում է՝ ինչպես իրեն է հարմար: Թուրքիան, ի մասնավորի, առերևույթ «ոչինչ չունի քուրդ եղբայրների դեմ, պայքարում է ՔԲԿ ահաբեկիչների դեմ»: Իսրայելի ԶՈՒ ԳՇ պետ Հալևին հայտարարել է, որ Գոլանի բարձունքները և Հերմոն լեռը գրավել են, որպեսզի «ապահովեն խաղաղ բնակչության անվտանգությունը, որ կարող են իսլամ ծայրահեղականների վայրագության զոհ դառնալ»:
Թուրքիայի պաշտպանության նախարարը հակադարձել է, որ Իսրայելի գործողությունները բացահայտում են նրա «օկուպանտական մենթալիտետը» և հաստատում Անկարայի զգուշացումը, որ «սիոնիզմի նպատակը տարածաշրջանում նոր հողային զավթումներն են, նրանք Գազայով չեն բավարարվելու»: Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավարն ավելացրել է, որ եթե Իսրայելը փորձի ռազմական աջակցություն ցուցաբերել քրդական կազմավորումներին, ապա թուրքական ՀՕՊ համակարգերը և կործանիչները նրա օդուժը ոչնչացնելու հրաման կստանան:
Միջազգային փորձագետները մտասևեռված են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հերթական համագումարում Թուրքիայի նախագահի այս հայտարարության վրա: «Եթե Առաջին համաշխարհային պատերազմը վերանայել է մեր տարածաշրջանի սահմանները, ապա ի՞նչ կունենայինք, եթե պայմաններն այլ լինեին: Քաղաքները, որ անվանում ենք Հալեպ, Իդլիբ, Համա, Դամասկոս, Ռաքքա մեր նահանգները կլինեին՝ ինչպես Անթեպը, Խաթայը, Ուրֆան»: Էրդողանը փաստացի ասել է, որ անկախ Սիրիան Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտության «ծնունդ է»:
Թուրքական մամուլն ակնարկում է, որ MIT-ի տնօրեն Իբրահիմ Քալընը մի քանի օր առաջ Դամասկոս է գործուղվել, որպեսզի «նախապատրաստի նախագահ Էրդողանի այցը»: Պաշտպանության նախարար Գյուլերն ակնարկել է, որ Անկարան պատրաստ է վերազմավորել սիրիական բանակը, եթե «անցումային կառավարությունից նման առաջարկ ստանա»: Ասվածը պարզ վկայություն է, որ հետախուզության տնօրենը, որոշ տեղեկություններով՝ նաև արտգործնախարար Ֆիդանը, Դամասկոսում արդեն իսկ նախնական քննարկումներ ունեցել են:
Թուրքիան, ամենայն հավանականությամբ, Սիրիայի զինված ուժերը վերակազմավորելու անվան տակ այդ երկիր զորքեր կմտցնի: Ըստ երևույթին, Անկարայում սպասում են Սիրիայի հյուսիս-արեևլքից ԱՄՆ սահմանափակ զորախմբի հեռացմանը: Ինտրիգը, թերևս, նրանում է, թե այդ զորքերը «շփման մեջ կմտնե՞ն» Դամասկոսից 20-25 կմ. հեռավորության վրա գտնվող իսրայելցիների հետ, կզբաղեցնեն նաև Սիրիայի ալավիաբնակ շրջաննե՞րը, որտեղ Ռուսաստանի երկու ռազմաբազաներն են: Եվ ի՞նչ ռեսուրս ունի Իրանը, որպեսզի «սիրիացի երիտասարդներին ապստամբության տանի»:
Իսկ եթե Թուրքիան և Իսրայելը «դավադրություն կազմակերպեն» նաև Իրանի դե՞մ: Ռուսաստանը կկարողանա՞ կառավարել, որ Ադրբեջանը հակաիրանական ճակատ չբացի: Եթե Արևմուտքի գերխնդիրն Ռուսաստանի «ռազմավարական պարտությունն» է՝ ինչպես նախագահ Պուտինն է ասում, ապա նրա համար ի՞նչ տարբերություն՝ դա ուկրաինական ճակատու՞մ կլինի, թե՞՝ Մերձավոր Արևելք-Կովկաս-Կենտրոնական Ասիա հիպերտարածաշրջանու՞մ: