• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Սուտ մատնություն՝ համայնքի ղեկավարի կողմից ընտրակաշառք տալու մասին հաղորդում տալուն հարկադրելու վերաբերյալ

ByEditor

Feb 25, 2023

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացի Ա.Օ.-ին ընտրակաշառք տալու վերաբերյալ կեղծ մատնության դեպքի նախաքննությունը:

Վարութային և ապացուցողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով վկա Ա.Օ.-ն, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2022թ. մարտի 18-ին դատարանում ցուցմունք է տվել այն մասին, թե իբր ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողները հարկադրել են իրեն տալ հանցագործության մասին հաղորդում և բացատրություն՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ:

Ա.Օ.-ն նշել է նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարը (դեպքի ժամանակ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչը) իր վարույթում քննվող, նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է իր ցուցմունքը՝ դրանում ներառելով սուտ տեղեկություններ՝ Գորիս համայնքի ղեկավարի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Այդ կերպ նա պաշտոնատար անձանց մեղադրել է միջին ծանրության և ծանր հանցագործությունների կատարման մեջ:

2022թ. ապրիլի 15-ին այս փաստերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով և 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության արդյունքում ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ դատարանում նրա հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Որոշում է կայացվել՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, ապացույցներ կեղծելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքերի բացակայության հիմքով:

Քանի որ նախաքննությամբ հաստատված տվյալները վկայել են Ա․Օ․-ի արարքում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցանքի հատկանիշների առերևույթ առկայության մասին, այդ առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, քննիչի միջնորդության հիման վրա, 2022թ․ նոյեմբերի 23-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա․Օ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: