• Sat. May 4th, 2024

kommersant.am

Just another WordPress site

2022 թվականին M&A գործարքների ծավալն աշխարհում նվազել է 38%-ով

ByEditor

Jan 9, 2023

Միաձուլումների եւ ձեռքբերումների (M&A) գործարքների ծավալը 2022 թվականի երկրորդ կիսամյակում զգալիորեն նվազել է. բարձր տոկոսադրույքները եւ տնտեսական անորոշությունը հանգեցրել են ֆինանսավորման արժեքի ավելացմանը եւ այս ոլորտում ծայրահեղ բարձր ակտիվության շրջանի կտրուկ ավարտին, գրում է Finmarket-ը՝ վկայակոչելով Financial Times-ը։

Հուլիս-դեկտեմբեր ամիսներին ամբողջ աշխարհում հայտարարվել էր $1,4 տրիլիոնի գործարքների մասին՝ նախորդ վեց ամիսների $2,2 տրիլիոնի համեմատ, ինչն ամենազգալի կիսամյակային փոփոխությունն էր 1980 թվականից ի վեր, երբ մեկնարկել էին հաշվարկներն այս ոլորտում: Նկատելիորեն նվազել է նաեւ մեգագործարքների (առնվազն $10 միլիարդ գումարի) թիվը. առաջին կիսամյակում եղել է 25 նման գործարք, երկրորդում՝ ընդամենը 11։

2022 թվականի ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 38%-ով (մինչեւ $3,56 տրիլիոն), ինչը 2001 թվականից ի վեր ամենաուժեղ կրճատումն էր։ Այնուամենայնիվ, պատմական չափանիշներով M&A ծավալը մնացել է բավականին բարձր, այդ թվում՝ գերազանցելով 2016 եւ 2017 թվականների ցուցանիշները։

Goldman Sachs-ի միաձուլումների եւ ձեռքբերումների հարցերով գլոբալ բաժնի ղեկավար Մարկ Սորելը 2022 թվականը նկարագրում է որպես երկու տարբեր կիսամյակներ ունեցող տարի. էժան ֆինանսավորման բացակայությունն ամռանը կանգնեցրեց M&A շուկան: Նրա խոսքով՝ ֆինանսավորումն, իհարկե, շարունակվել է, «սակայն դրա արժեքը շատ ավելի բարձր է, եւ այն հասանելի չէ բոլոր թողարկողների համար»: