• Wed. May 1st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ավելի քանի 102 000 կազմակերպության համար ուժի մեջ է մտնում իրական շահառուներին բացահայտելու պարտավորություն

ByEditor

Dec 22, 2022

Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն պետ Տաթև Մկրտչյանը տեղեկացրեց, որ ավելի քանի 102 հազար կազմակերպության համար ուժի մեջ է մտնում իրական շահառուներին բացահայտելու պարտավորությունը:

«Այս գործընթացն իրականացնում ենք փուլային տարբերակով: Մեկնարկը տրվել է 2020 թվականից, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն սահմանվել էր հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնողների համար: 2021 թվականի սեպտեմբերից համապատասխան պարտավորությունը դրված էր տեսալսողական մեդիա ծառայություն իրականացնող և հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց համար: 2022 թվականի հունվարի սկզբից պարտավորությունը ստանձնել են բոլոր իրավաբանական անձինք, բացառությամբ ոչ առևտրային կազմակերպությունների և միայն ֆիզիկական անձ մասնակից ունեցող ՍՊԸ-ների: Եվ ահա 2023 թվականի հունվարից բոլոր իրավաբանական անձինք, առանց բացառության, պետք է ներկայացնեն հայտարարագիր»,-ասաց Տաթև Մկրտչյանը: Այսինքն՝ բացահայտվում է այս կամ այն կազմակերպության իրական վերահսկողը, որոշում կայացնող անձը, իրավաբանական անձի իրական տերը:

Հայտարարագրի համար հաստատված է համապատասխան ձևաթուղթ, որը լրացվում է էլեկտրոնային տարբերակով և ներկայացվում Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Հայտարարագիրը կազմված է մի քանի բաժնից, տեղեկություններ են լրացվում միջանկյալ իրավաբանական անձանց, իրական շահառուների մասին տվյալներ: Հայտարարագրով ստացված տվյալները բաց են լինելու, այսինքն՝ պետական ռեգիստրի գործակալության կայքում հասանելի են լինելու բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:

Նշված պարտավորության ժամկետը լրանում է 2023 թվականի մարտի 1-ին։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Տաթև Մկրտչյանը տեղեկացրեց, որ սկզբում կլինի նախազգուշացում, հաջորդ փուլում հնարավոր է լինի նաև վարչական տուգանք մինչև 100 հազար դրամի սահմաններում:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *