ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 12-ին կհնչեցնի Նյու Յորքի ֆոնդային բորսայի զանգը, ինչպես նաև Time ամսագրի կողմից կարժանանա «Տարվա մարդ» տիտղոսին։ Այս մասին Reuters-ին հայտնել են նման ծրագրերից տեղյակ երկու աղբյուր։
Նյու Յորքի ֆոնդային բորսայի զանգի հնչեցումն ազդարարում է աշխարհի ամենախոշոր ֆոնդային բորսայում սակարկությունների օրվա մեկնարկը և ավարտը և պատիվ է համարվում։ Պատմականորեն զանգը հնչեցրել են ընկերության գործադիր մարմինները՝ նշելու կորպորատիվ կարևոր իրադարձությունները, սակայն հայտնի մարդիկ և քաղաքական գործիչները, ինչպես օրինակ՝ Ռոնալդ Ռեյգանը, Նելսոն Մանդելան և Առնոլդ Շվարցենեգերը, նույնպես հնչեցրել են այն։
Ինչ վերաբերում է Time-ի կողմից «Տարվա մարդ» հայտարարվելուն, Թրամփն այդ տիտղոսին արժանացել է նաև 2016 թվականին։ 2020 թվականին Time-ը «Տարվա մարդ» էր ճանաչել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և փոխնախագահ Քամալա Հարիսին, երբ նրանք ընտրություններում պարտության էին մատնել Դոնալդ Թրամփին։
1927 թվականից ի վեր Time-ն ամեն տարի հայտարարում է մարդու, խմբի կամ հայեցակարգ, որոնք ամենամեծ ազդեցությունն են թողել աշխարհի վրա նախորդ 12 ամիսների ընթացքում՝ լավ թե վատ: 2023 թվականին Time-ը «Տարվա մարդ» էր ճանաչել ամերիկացի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթին։ 2022 թվականին այս տիտղոսին են արժանացել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և «Ուկրաինայի ոգին», 2021 թվականին՝ ճարտարագետ, գործարար Իլոն Մասկը, 2014 թվականին՝ Էբոլայի դեմ պայքարողները, իսկ 2012 և 2008 թվականներին՝ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: