• Mon. Apr 29th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ովքեր են միլիոնների հասնող նվիրատվություններ ստացած ՔՊ-ական պաշտոնյաները

ByEditor

Dec 6, 2022

Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը հաճախ էր ԱԺ ամբիոնից պահանջում, որպեսզի գույք նվիրատվություն ստացած պաշտոնյաները դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, այն պատճառով, որ այստեղ Փաշինյանը լրջագույն կոռուպցիոն ռիսկեր էր տեսնում: Երեկ հայտնի դարձավ, որ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունել կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնել: Համենայնդեպս, կառավարությունը էլի նոր նախագիծ է ներկայացրել եւ այդպիսի դրույթ է սահմանել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում: Սակայն, մինչ այս պահը ՔՊ-ական պաշտոնյաները լի ու բոլ օգտվել են օրենքի բացից և խոշոր նվիրատվություններ ստացել, որոնք, սակայն, Փաշինյանի համար այլևս կոռուպցիոն ռիսկ չեն ներկայացնում: Ավելին, այսօր ԱԺ-ում քննարկվում է մի նախագիծ, որով պաշտոնյաներին կարող է թույլատրվել չհաշվառել նվերների մի շարք տեսակներ: Ի՞նչ է սա, եթե ոչ կոռուպցիոն ռիսկերի ավելացում..

Դիցուք՝ եթե մարզպետի պաշտոնը ստանձնելիս ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն ուներ 2 անշարժ գույք, որոնցից մեկը բնակարան էր, իսկ մյուսը՝ ծառ, պատգամավորի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Սարգսյանն արդեն ուներ 5 անշարժ գույք՝ 2017թ․–ին նվիրատվություն ստացած 1 հողամաս և 1 բնակարան, 2021 թվականին գնված 1 բնակարան, 1 ավտոկայանատեղի և 1 բազմաբմակարան շենքի ոչ բնակելի տարածք։ Այստեղ ուշագրավ է, որ 2017 թվականին նվիրատվություն ստացած հողամասը Տրդատ Սարգսյանը նախկին հայտարարագրերում չի ներկայացրել։

Խիստ ուշագրավ է նաև նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանի նվիրատվության բաժնում լրացրած տողը․ գրված է, թե 2021 թվականին 9 միլիոն 520 հազար դրամ է նվիրատվություն ստացել ՔՊ ական պատգամավոը, իսկ նվիրատուի անվան դիմաց նշվում է հոր՝ Գևորգ Թորոսյանի անունը:

ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը որպես եկամուտ ստացել է 1 մլն 504 հազար դրամ, որից 800 հազար դրամը եղել է նվիրատվություն, իսկ մնացածը՝ աշխատավարձ և այլ եկամուտ: Ինչ վերաբերում է 800 000 դրամ նվիրատվությանը, այն ստացել է ծնողներից 4 ամսվա ընթացքում՝ ամսական 200 000 դրամի չափով:

Պատգամավոր, իմքայլական Աննա Կարապետյանի՝ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները՝ բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած, կազմել են 2,400 և 3,500 դոլար:

ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը անչափ ուշագրավ նվիրատվություն է ստացել՝ հողամաս և ավտոտնակ, մի դեպքում, երբ տրանսպորտային որևէ միջոց նա չի հայտարարագրել:

Ավելորդ է նշել, որ պաշտոնյայի կողմից նվիրատվություն ստանալը ինքնին կոռուպցիոն ռիսկ է պարունակում, քանի որ ինչպես կարելի է հասկանալ, տվյալ պաշտոնյան կարող է իր ունեցած լծակները ծառայեցնել տարբեր անձանց համար այս կամ այն խնդիրը լուծելու նպատակով, ինչի դիմաց էլ պարգևատրվել ճոխ նվերներով: Սակայն, այս կոռուպցիոն ռիսկը, ինչպես և բազմաթիվ այլ կոռուպցիոն ռիսկ պարունակող տարրեր, օրվա իշխանությունների կողմից չնկատված են մնում…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *