• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

10 միլիարդ դրամ՝ ՏՏ ոլորտի աջակցությանը

ByEditor

Dec 2, 2022

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման նախագծին:

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասել է, որ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022 թվականի հունիսից հոկտեմբեր ամիսներին իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20%-ից ավելի, ինչպես նաեւ արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70%-ը։

«Նախագծի նպատակն է նաեւ ժամանակային հնարավորություն տալ բիզնեսներին իրենց մոդելի վերափոխման, գործող պայմաններին հարմարեցման եւ համաշխարհային ՏՏ ոլորտի բարդություններին դիմակայելու համար։

Տրամադրվող պետական աջակցության չափը նախնական գնահատմամբ կազմում է շուրջ 10 միլիարդ դրամ։ Աջակցության տրամադրումը հնարավորություն կընձեռի պահպանել աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը, որով պոտենցիալ կստեղծվի կազմակերպությունների ադապտացվելու եւ ապագայում զարգանալու համար»,- ասել է նախարարը:

Նախագծով առաջարկվող աջակցության տրամադրումը պայմանավորված է ՏՏ ոլորտի կազմակերպությունների, դրամի արժեւորման եւ արտարժույթի արժեզրկման հետեւանքով առաջացած որոշակի ռիսկերի մեղմացման, ինչպես նաեւ Հայաստանի այլ երկրների հետ արդյունավետ մրցակցելու հնարավորության պահպանման անհրաժեշտությամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *