Ալիևը՝ Էրդողան-Նաթանյահու «միջակայքում»

«Իսրայելը Սիրիայի ներքին գործերին միջամտելու ցանկություն չունի, իսկ բանակն այդ երկրի տարածքում գործում է ինքնապաշտպանական նկատառումներով»,- միջազգային հանրությանը հասցեագրած տեսաուղերձում հայտարարել է հրեական պետության վարչապետ Նաթանյահուն: Նա ավելացրել է, որ Իսրայելը պատրաստ է Ասադին տապալած խմբավորումների հետ կապեր հաստատել, բայց եթե նրանք թույլ տան, որ Իրանը հաստատվի Սիրիայում կամ «Հեզբոլլային» իրանական կամ ցանկացած այլ զենք տրամադրի, եթե նրանք հարձակվեն Իսրայելի դեմ, ապա դաժան պատասխան կստանան և շատ բարձր գին կվճարեն:

Այս տեղեկությունը թուրքական «Անադոլու» գործակալությունը տարածել է Նաթանյահուն սպառնացել է Սիրիայում Ասադին տապալած խմբավորումներին խորագրի ներքո, ինչից կարելի է ենթադրել, որ Իսրայելի վարչապետի ուղերձն Անկարայում ընկալել են որպես նախագահ Էրդողանի կողմից նրան «օկուպատական մենթալիտետի» մեջ մեղադրելու անուղղակի պատասխան: Մանավանդ որ Իսրայելի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյա մինչ այդ ասել է, որ Սիրիայում պետք է հարգվեն էթնիկ բոլոր խմբերի, այդ թվում՝ դրուզների և քրդերի, շահերը:

«Մենք հիասթափված ենք»,- Դամասկոսում իշխանությունը թուրքամետ Մուհամեդ ալ-Բաշիրին փոխանցելու կապակցությամբ ասել է քրդական Սիրիայի քրդական ինքնավարության ներկայացուցիչներից մեկը: Նա կանխատեսել է, որ «Հայաթ թահրիր ալ-Շամի» փաստացի իշխանությունը քրդական ինքնավարությունը ոչնչացնելու գործողություններ կսկսի: Այդ շրջանում արդեն իսկ արձանագրվել են թուրքական օդուժի և անօդաչու թռչող սարքերի մի քանի հարձակումներ: Որոշ տեղեկություններով՝ քրդական ուժերին հաջողվել է սիրիական բանակի զինանոցից խորհրդային արտադրության զենիթահրթիռային համակարգեր առևանգել, որպեսզի պաշտպանվեն Թուրքիայի օդուժից:

Հայտնի է դարձել, որ Ասադի տապալումից հետո Միացյալ Նահանգների Կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Մայքլ Կուրիլան այցելել է Իրաք և բանակցություններ վարել վարչապետ ալ-Սուդանիի հետ:

Նա նաև հանդիպել է Սիրիայի հյուսիս-արևելքի քրդական ինքնավարության և զինված ուժերի պատասխանատուներին: Ըստ երևույթին՝ Սիրիայից ամերիկյան զորախումբը մոտ ապագայում դուրս բերելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Թուրքիան և Իսրայելն առայժմ դիվամագիտական «կսմիթներ» են փոխանակում: Ավելի կոշտ հայտարարություն են տարածել Սաուդյան Արաբիան և Արաբական միացյալ էմիրությունները: Այդ երկրներն Իսրայելին ուղղակի անվանել են «օկուպանտ»:

Ըստ երևույթին՝ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների դեկտեմբերի 10-ի հեռախոսազրույցը «ծանր» է եղել: Բաքվի իշխանական լրատվամիջոցը քննադատել է Իսրայելին և ակնարկել է, որ Սիրիայում վերջին քայլերը «բարդացնում են այլ երկրների հետ նրա հարաբերությունները»: Էրդողան-Ալիև հեռախոսազրույցը հաջորդել է Իլհամ Ալիևի հատուկ բանագնաց Հաջիևի Երուսաղեմ այցին, արտգործնախարար Կացի և նախագահ Հերցոգի հետ նրա հանդիպումներին: Կարելի է ենթադրել, որ Ալիևը փորձել է Էրդողան-Նաթանյահու երկխոսության միջնորդություն նախաձեռնել: Դա, երևում է, չի հաջողվել: Ի՞նչ կհետևի: Ալիևը Հարավային Կովկասում «հայելային խնդիրնե՞ր» կստեղծի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *