Փարիզ-Թբիլիսի. Երևանի համար Թրամփի օգտակար ազդեցությունը

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ֆրանսիայի նախագահի և Վրաստանի կառավարող ուժի՝ Վրացական երազանքի առաջնորդ, պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի միջև: Ըստ հաղորդագրության՝ քննարկվել է Վրաստանի իրավիճակը, Մակրոնը պատրաստակամություն է հայտնել աջակցել իրավիճակի լիցքաթափման հարցում: Պայմանավորվել են օրերս անց ունենալ նոր հեռախոսազրույց:

Հանգամանքը, որ Ֆրանսիայի նախագահը խոսում է Վրաստանում որևէ պետական պաշտոն չզբաղեցնող Իվանիշվիլիի հետ, վկայում է հեռախոսազրույցի առարկայականության, կոնկրետության և գործնականության մասին: Ֆրանսիայի նախագահը թերևս արել է շատ էական առաջարկներ կամ արտահայտել է էական գաղափարներ, որոնք այնքան էական են, որ Մակրոնը դրանք քննարկելն անհրաժեշտ է համարել հենց անմիջապես Բիձինա Իվանիշվիլիի հետ, թեև նա չի զբաղեցնում Վրաստանում որևէ պաշտոն:

Հատկանշական է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի՝ Փարիզ այցելությունից երեք օր անց: Թրամփը Փարիզ էր ժամանել Աստվածամոր տաճարի օծման արարողությանը մասնակցելու համար: Նույն միջոցառման առիթով Ֆրանսիա էր ժամանել նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը նաև Ֆրանսիայի քաղաքացի է, իսկ մինչև Վրաստանի ԱԳ նախարար, հետո նախագահ դառնալը եղել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության և հատուկ ծառայության աշխատակից:

Մի քանի օր առաջ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ իրենք սպասում են Դոնալդ Թրամփի պաշտոնամուտին, և դրանից հետո նրա հետ կքննարկեն բոլոր հարցերը: Դոնալդ Թրամփի պաշտոնամուտին դեռ կա մեկ ամսից քիչ ավելի ժամանակ, սակայն հնարավոր է, որ Փարիզ «մուտքը» արդեն իսկ թողել է որոշակի ազդեցություն, ինչն արտահայտվում է Մակրոն-Իվանիշվիլի հեռախոսազրույցի տեսքով:

Ինչպիսին կլինի դրա արդյունքը և ինչպես կարտացոլվի Վրաստանում իրավիճակի վրա, կերևա թերևս նույնիսկ առաջիկա օրերին, եթե նկատի ունենանք, որ պայմանավորվել են օրեր անց ունենալ նոր հեռախոսազրույց: Հնարավոր է, որ Մակրոնը ներկայացրել է առաջարկներ, որոնց պատասխանը կլինի օրեր անց: Բոլոր դեպքերում, վրաց-ֆրանսիական երկխոսությունը Հայաստանի համար կարևոր հանգամանք է, հաշվի առնելով այն, որ Վրաստանն այն ճանապարհն է, որով կարող է ծավալվել հայ-ֆրանսիական պաշտպանական գործակցությունը: Իսկ դա Հայաստանի անվտանգության ճարտարապետության համար կարևոր դետալներից է: Հետևաբար, սկսած երկխոսության դրական շարունակությունը կլինի ողջունելի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *