Պետք չէ Վրաստանը «մատուցել» իբրև Հայաստանի խոչընդոտ

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարել է, որ սառեցնում է Վրաստանի կառավարության հետ բոլոր ծրագրերն ու շփումները հասցնում է նվազագույնի: Վրաստանի ու եվրաատլանտյան երկրների փոխհարաբերությունը զգալիորեն սառում է այն իրադարձությունների ֆոնին, որ ծավալվեցին հարևան երկրում խորհրդարանական ընտրության գործընթացի, դրա արդյունքի, հետընտրական իրողությունների ֆոնին: Կա տարածված գնահատական, որ Վրաստանի ու եվրաատլանտյան միջավայրի հարաբերության սառեցումը Հայաստանի համար ստեղծելու է եվրաինտեգրացիայի քաղաքականության արգելակներ:

Այստեղ հարկ է հստակեցնել, թե ինչի՞ մասին է խոսքը: Ի վերջո, եվրաինտեգրացիայի քաղաքականությունը առաջին հերթին, թերևս, պետք է դիտարկել ստանդարտները՝ կյանքի, հանրային, քաղաքական, տնտեսական, քաղաքացիական հարաբերությունների, պետական կառավարման, հաշվետվողականության այն ստանդարտները, որոնք դրվել են եվրոպական կյանքի կազմակերպման ճարտարապետության հիմքում՝ հիմնված լինելով նաև քրիստոնեական արժեհամակարգի սկզբունքների վրա: Դրանք ցամաքային ճանապարհով չէ, որ գալիս են Հայաստան:

Դրանք հարաբերությունների մակարդակ և ուղենիշներ են, որոնք չեն ենթադրում ցամաքային կոմունիկացիա: Հետևաբար, Վրաստանի ու եվրաատլանտյան երկրների փոխհարաբերության սառեցումը Հայաստանի եվրաինտեգրացիայի քաղաքականության, կամ ընդհանրապես Հայաստան-ԵՄ քաղաքականության խոչընդոտ դիտարկելը չունի էական հիմնավորվածություն: Հայաստանի եվրաինտեգրացիայի միակ գործնական խոչընդոտը կարող է լինել Հայաստանի կառավարող վերնախավի և հասարակական-քաղաքական, քաղաքացիական առաջատար խմբերի և վերնախավերի, տնտեսական վերնախավի մտածողությունը, կամքը, նկարագիրը: Սա առաջին հերթին քաղաքակրթական հարց է, ու նաև հոգեբանական:

Երբ չկա այդ հարցը գործնականորեն առաջ մղելու մտածողական կարողություն, ի հայտ է գալիս հոգեբանական արգելքներ, իսկ ըստ էության՝ արդարացումներ մտածելու ձգտումը: Դրան զուգահեռ, Վրաստանի հարաբերությունը լարվում է եվրոպական միջավայրի ոչ բոլոր երկրների հետ: Իսկ այսօրվա եվրոպական միջավայրը բավականին բազմազան է, Եվրամիությունն ու Եվրոպան ընդհանրապես այսօր բոլորովին մոնոլիտ չեն, և, ըստ էության, չեն էլ եղել երբեք: Հետևաբար, եվրոպական մի շերտի հետ Վրաստանի ներկայիս կառավարող ուժի հարաբերությունը լարվում է, կամ սառում, սակայն կան նաեւ շատ շերտեր, որոնք համերաշխություն են հայտնում Վրաստանի կառավարության վարքագծին:

Հետևաբար այստեղ զուտ քաղաքական իմաստով պատկերը դարձյալ որևէ կերպ միարժեք չէ, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ այն շատ ավելի բազմիմաստ կարող է դառնալ ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի պաշտոնամուտից հետո: Հետևաբար, բոլորովին պետք չէ Վրաստանի ու Եվրամիության փոխհարաբերությունը վերածել Հայաստանի ու Եվրամիության, Հայաստան-Եվրոպա փոխհարաբերության խոչընդոտի, կամա, թե ակամա Վրաստանը դիտարկելով Հայաստանի խոչընդոտ, անկախ աստիճանից: Ավելին, Հայաստանն ու Վրաստանը կարող են համատեղ բավականին նշանակալի դեր մշակել այն վերափոխումների գործընթացում, որ օբյեկտիվորեն հասունացել է եվրոպական աշխարհամասում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *