Կիրականացվի պետական հատուկ նշանակության 24 ջրամբարի պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում

Նախատեսվում է իրականացնել պետական հատուկ նշանակության 24 ջրամբարի պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում և առաջարկությունների ներկայացում: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Ըստ հաղորդագրության՝ հեղեղումների առաջացման պատճառները տարբեր են՝ գետերի վարարում, առատ տեղումներ, ձնհալ, ամբարտակի փլուզում։
2022 թ. մինչև 2024 թ. օգոստոսի տվյալներով՝ Հայաստանում տեղի է ունեցել 19 հեղեղում: Ամենազանգվածայինն այս տարի Լոռիում և Տավուշում տեղի ունեցած հեղեղումներն էին, որոնց հետևանքով նաև ունեցանք 4 զոհ։
Ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման նպատակով նախատեսվում է իրականացնել Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սելավատարերի անձնագրավորում, սելավային վտանգի ինդեքսի մշակում և սելավային ռիսկերի մոդելավորում` հիմնված միջազգային լավագույն փորձի վրա։
«ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է իրականացնել պետական հատուկ նշանակության 24 ջրամբարների պատվարների սեյսմիկ խոցելիության գնահատում և առաջարկությունների ներկայացում՝ ըստ փորձագիտական եզրակացության:
Ընթացքի մեջ է նաև Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-ից 26-ը տեղացած հորդառատ անձրևների հետևանքով պատճառված վնասների և կորուստների գնահատման երկրորդ փուլը, որն իրականացվում է միջազգայնորեն ընդունված Հետաղետային կարիքների գնահատում մեթոդաբանության (PDNA) հիմքով:
Գործընթացն իրականացվում է ՄԱԿ-ի գործակալությունների և միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
Վնասների և կորուստների գնահատմանը հաջորդելու է հետաղետային կարիքների գնահատման գործընթացը, որի շրջանակներում կմշակվի միջոցառումների ծրագիր՝ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, մասնավորապես՝ պատասխանատու պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների զարգացմանը հետաղետային վերականգնմանը»,- ներկայացնում է ՆԳՆ ՌՊՔՄՍՎ աղետների ռիսկի և ճգնաժամային այլ իրավիճակների կառավարման ոլորտում քաղաքականության մշակման մոնիթորինգի բաժնի պետ Մերուժան Խաչատրյանը:
Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ՆԳՆ Փրկարար ծառայությունը մշտապես իրականացնում է բնակչության հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, նաև ազդարարում և իրազեկում։
«Իրազեկման միջոցառումներն իրականացվում են եռափուլ տարբերակով՝ աղետից առաջ, ընթացքում և հետո: Աղետից առաջ իրականացվող գործողությունները հիմնականում կրում են նախապատրաստական բնույթ՝ վերաբերում են իրազեկման և նախազգուշացման եղանակների որոշմանը, ուղղված են բնակչության պատրաստվածության բարձրացմանը:
Աղետի ժամանակ տրվող տեղեկատվությունը ներառում է հետևանքների և ստեղծված իրադրության մասին տեղեկատվություն, տվյալների հավաքում, մշակում և անհրաժեշտ գործողությունների մասին մարդկանց իրազեկելու հաղորդագրությունների տարածում, նախազգուշացումների տարածում: Եվ աղետից հետո օգնության ցուցաբերման, հետևանքների վերացման և վերականգնման աշխատքների վերաբերյալ տեղեկույթի տրամադրում»,- ասում է ՓԾ ՃԿԱԿ տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի պետ Լիաննա Աբրահամյանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *