ՊԵԿ նախագահը հանդիպել է տնտեսվարողների հետ․ քննարկվել են հսկիչ նշանների ներդրման հետ կապված հարցեր

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ծխախոտ, ալկոհոլ, ջուր, գարեջուր, կաթնամթերք ներմուծող և արտադրող տնտեսվարողների հետ՝ հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման գործընթացը քննարկելու նպատակով։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, նշված ոլորտներում գործունեություն իրականացնող ընկերությունների, ինչպես նաև ազգաին օպերատորի՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա» ՍՊԸ-ի ներկայացուցիչները։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից:

Հաշվի առնելով հսկիչ (նույնականացման) նշաններով ապրանքների դրոշմավորման համակարգում բիզնեսի համար առաջացող խնդիրները, ինչպես նաև դրոշմավորման ենթակա ապրանքների վերաբերյալ բիզնեսից ստացվող ազդակները՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կարևորել է քննարկման անցկացումը բիզնեսի ներկայացուցիչների և ազգային օպերատորի հետ։

Քննարկվել են դրոշմավորման ենթակա ապրանքների հսկիչ նշաններով դրոշմավորման, հսկիչ նշանների ծածկագրերը ապրանքներին փակցնելու, նաև հաշվարկային փաստաթղթերի միջոցով ապրանքների հետագծելիությունն ապահովելու հետ կապված՝ տնտեսվարողների շրջանում առաջացած հարցերը, ընթացիկ խնդիրները և մտահոգությունները։

Միաժամանակ քննարկվել են օրենսդրական փոփոխությունների առումով առաջարկները, մասնավորապես ապրանքների դրոշմավորման ամբողջական հետագծելիության ապահովման և հսկիչ նշանի ծածկագրի առավելագույն սակագնի հետ կապված հարցերը։ Անդրադարձ է եղել նաև ոլորտում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված ծրագրային ապահովումներին և տեխնիկական լուծումներին։ Կարևորվել են նախատեսվող օրենսդրական փոփոխություններում տնտեսվարողների ներկայացրած կարծիքներն ու դիրքորոշումները։

Նշվել է, որ օպերատորը մեծ ջանք պետք է գործադրի, որպեսզի բոլոր խնդիրները լուծվեն ժամանակին, և հնարավորինս սահուն ներդրվի ամբողջական համակարգը։ Որոշվել է, որ առաջիկայում պետք է անդրադարձ կատարվի նաև սակագնին, այն գործարարների համար պետք է լինի կանխատեսելի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *